«Սուտի հերոսները հիմա ազատության մեջ քայլում են...»․ Միքայել Արզումանյանի առողջական վիճակը վատ է

«Սուտի հերոսները հիմա ազատության մեջ քայլում են...»․ Միքայել Արզումանյանի առողջական վիճակը վատ է

Այս տարի կլրանա 3-րդ տարին, ինչ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանքի տակ է։ Հարազատներն ու պաշտպանները պնդում են՝ ապօրինի:

Նրան մեղադրանք էր ներկայացվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգասար» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին, իբր, «նահանջ» հրաման տալու համար։

Այսօր՝ հունվարի 28–ին, երբ բոլորը նշում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը, Միքայել Արզումանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Ավելին՝ նա առողջական վատ վիճակում է. քույրը՝ Ծովինար Խաչատրյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Արզումանյանի առողջական վիճակը շատ վատ է, ճնշումն է բարձր, մի քանի անգամ նրան տարել են բժշկական կենտրոն զննման, բայց ոչ մի արդյունք դա չի տվել։

«Բժիշկները չեն այցելել, իրեն են տարել հիվանդանոց, հիվանդանոցում էլ ասում են՝ Միքայել Արզումանյանը կարիք ունի հետազոտման, բայց ոչ մի բան էլ չեն անում»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է դատավարությունն ընթանում, արդյո՞ք առաջընթաց կա, քույրը նշեց․ «Ոչ, գոհ չենք, անհիմն են պահում նրան, ղեկավարին ձեռք չի տալիս, որ ինքն ազատության մեջ լինի»։

Մատնացույց անելով օրվա խորհրդին` Արզումանյանի քույրը հավելեց․ «Սուտի հերոսները հիմա ազատության մեջ քայլում են, իսկ էն, ով պաշտպանել է իր հողը, ով իսկականից է պաշտպանել, չի ուզեցել հողը տա, իրեն հիմա պահում են բանտարկած։ Սաղ հաձնել են, եկել են այստեղ ու ման են գալիս, ու հերոսացնում են այդ մարդկանց»։

Դեռ հոկտեմբերին մամուլում գրվեց, թե ՊՆ-ն պահանջում է ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ընտանիքն ազատել Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի բնակարանը։ Քույրը հաստատեց այս լուրը՝ նշելով․ 
«Ինչի՞ հիման վրա պետք է ազատեն. այո՛, պահանջում էին, ես էլ ասացի՝ թող իրենք էլ դատի տանք, քանի որ յուրաքանչյուր սպա, ով ծառայել է բանակում այսքան տարի և ունի այսքան արժանիքներ, թոշակի գնալուց հետո իրեն իրավունք ունեն բնակարան տրամադրելու: Այս բնակարանը ինքը ստացավ, երբ փոխնախարար էր, ապրելով այստեղ, ոչ ոք իրավունք չունի առգրավելու այդ բնակարանը, իրեն պիտի ապահովեն մեկ ուրիշ բնակարանով, եթե ուզում են դա վերցնեն»։

Մարիաննա Արամյան