Մերձավանի միջադեպով 3 անձ կալանավորվել է, 3-ը տնային կալանքի տակ են. վարչական ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է

Մերձավանի միջադեպով 3 անձ կալանավորվել է, 3-ը տնային կալանքի տակ են. վարչական ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է

Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարը մի քանի օր առաջ հայտնվեց արյունոտ «ռազբոռկայի» կիզակետում, որի հետևանքով սպանվեց իր զարմիկը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ 

Մեծ աղմուկ բարձրացրած այս միջադեպի հետքերով MediaHub-ը գրեց, որ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը ՔՊ-ական է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հովանավորյալը։ 

ՔԿ-ից մեզ նոր մանրամասներ հայտնեցին սպանության դեպքից․ «Մերձավանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ՝ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»։

Հարցին՝ Մերձավանի վարչական ղեկավարին մեղադրանք առաջադրվե՞լ է, ՔԿ-ից պատասխանեցին․ «Ոչ»։

Նշենք, որ MediaHub-ը փորձեց կապ հաստատել Մհեր Ախտոյանի հետ, սակայն, վերջինս համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:  

Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ փետրվարի 5–ին գիշերը ուշ ժամի մի խումբ անձինք եկել են Մհեր Ախտոյանի մոտ՝ «ռազբոռկայի», նրանց իր տան մոտ դիմավորել է Ախտոյանն իր կողմակիցների հետ, որոնց թվում եղել է նաև իր զարմիկը՝ Գրիգոր Օհանյանը։ Վիճաբանության ընթացքում Մհեր Ախտոյանին հաշվեհարդարի հրավիրած անձինք կրակել են նրա և կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գրիգոր Օհանյանը՝ Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան (ընդամենը մեկ օր առաջ նա նշել էր ծննդյան 30-ամյակը), մահացել է, իսկ Ախտոյանի մերձավորներից մեկն էլ վիրավորվել է։ 

Ի դեպ, միջադեպի ժամանակ, թեև Մհեր Ախտոյանը կիզակետում է եղել, բայց մեզ պատմեցին, որ երբ տեսախցիկով տեսել է, որ իրենց կողմից ծեծի ենթարկված անձինք արդեն զենքով են գալիս իրենց վրա, արագ թաքնվել է տան մեջ, որ կրակելիս իրեն չդիպչի: Արդյունքում, կրակոցներից զոհվել է իր հորաքրոջ տղան՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որի ծննդյան տարեդարձն էին նշում այդ օրը:

Մարիաննա Արամյան