«Չենք վախենում, բոյկոտը շարունակվում է». ԶՊՄԿ–ն սպառնում է աշխատակիցներին, հեռացնում աշխատանքից

Արխիվային կադր
ԶՊՄԿ–ում գործադուլը նոր թափ է հավաքել, այն շարունակվում է: MediaHub-ը տեղեկացավ, որ կոմբինատի բոյկոտող աշխատակիցներն անգամ եղանակային վատ պայմաններում, ձյան տակ շարունակում են իրենց պայքարը, և նրանց շարքերը համալրվում են՝ իրենց են միացել անգամ կին աշխատակիցները։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն 8 մարդու ազատել է աշխատանքից, իսկ աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին ԶՄՊԿ-ն հորդորել է այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Առավոտյան էլ ղեկավարությունը սպառնաց, թե ԶՊՄԿ–ն օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրում և օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Ավելի ուշ, փաստացի, որոշ աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից:
Նրանցից մեկը՝ Վահե Մխիթարյանը, MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ կոմբինատի ղեկավարությունը իրենց սպառնում է, բայց հետքայլ չեն անելու։ «Փաստացի, ԶՊՄԿ-ն սպառնում էր, բայց մենք շարունակում ենք բոյկոտը, վախենալու բան չկա: Մենք շարունակելու ենք մեր օրակարգով»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ ծանուցագիր այսօր չի ստացել, բայց փաստացի իրեն հեռացրել են։ «Աշխատանքից ազատված այդ 8 հոգուց մի քանիսը գործադուլը համակարգող խորհրդի անդամ են»,– պարզաբանեց նա։
Աշխատանքից զրկված Մխիթարյանը հայտնեց, որ խնդիրն ակնհայտ է, իսկ ԶՊՄԿ-ի մոտեցումները լավ տեղ չեն տանում։ Թեև նա աշխատանքից հեռացվել է, սակայն տեղեկացրեց, որ շարունակելու են գործընկերների հետ պայքարել, իսկ հեռացվածները պահանջելու են իրենց վերականգնել։ «Այս մարտավարությունը, որ աշխատանքից կհեռացնեն, կանխատեսելի էր, բայց ես չեմ կարծում, որ այդ մարտավարությունը կարող է բերել այն արդյունքի, որը սպասում է ԶՊՄԿ-ն»,- ասաց Մխիթարյանը։
Նշենք, որ բոյկոտող աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում 50%-ով, իսկ Կոմբինատից հայտնել էին, որ կարող են ապահովել միայն 20 տոկոս բարձրացում, սակայն աշխատողների համար դա բավարար չէ։ Ավելին՝ մեզ հետ զրույցում գործադուլ անող աշխատակիցները նշել էին, որ իրականում կոմբինատը ոչ թե 20%, այլ մինչև 20% բարձրացման մասին է ակնարկել:
Ի դեպ, մի քանի օր առաջ մենք նաև գրել էինք, որ կոմբինատի ղեկավարությունը քննարկում է գործադուլ անող աշխատակիցներին միգրանտներով փոխարինելու հարցը:
Մարիաննա Արամյան