Հարությունյանը չի հեռանում. ի՞նչ է սպասվում Արցախում

Հարությունյանը չի հեռանում. ի՞նչ է սպասվում Արցախում

Ինչո՞ւ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնում, ինչո՞ւ հենց հիմա, երբ Արցախը շրջափակված է ու խոսվում է ներքաղաքական ճգնաժամի մասին։ 

Գործող Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։

Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել նման իրավիճակից, այսինքն, Ազգային ժողովի լուծարումից, որն էլ կշարունակի գործել ու կկարողանա նախագահ ընտրել։ 2020-ի պատերազմից հետո հայտարարությունների մակարդակով խոսվում է Արցախում ընտրությունների անհնարինության մասին։

Նման նախաձեռնության պարագայում՝ առաջին հերթին մարդիկ քննարկում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի հավանականությունը՝ չնայած այս նախաձեռնությունը գուցե այլ բանի մասին է, որ, օրինակ, կարող են տեղի ունենալ ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք պարտադիր չէ զուգակցվեն նախագահական ընտրությունների հետ:

Այս տարբերակի հավանականությունը շատ մեծ է համարվում՝ հատկապես, եթե ՊԲ Սամվել Բաբայանը նշանակվի պետական նախարար ու բնականաբար՝ փորձի ուժերի նոր հարաբերակցություն հաստատել Ստեփանակերտում:

Ստեփանակերտի մեր աղբյուրները գրեթե կայացած են համարում այն փաստը, որ Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի մոսկովյան քննարկումներից հետո, գործող պետնախարարի հրաժարականի հարցը կանխորոշված է՝ թեև նա շարունակելու է ներկայություն ունենալ Հայաստանի և Արցախի ներքաղաքական կյանքում:

Արդյո՞ք Ստեփանակերտում կհաղթահարվի ներքաղաքական ճգնաժամը, թե նոր դրսևորումներ կստանա՝ պարզ կդառնա արդեն մոտակա օրերին:

Վահրամ Բագրատյան