Բրյուսելի մասին՝ ուշացումով

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Մի փոքր տարակուսելի է, որ կառավարող կուսակցությունը Բրյուսելի թմբկահարված հանդիպմանն անդրադառնում է այսքան ուշացումով, մանավանդ, որ բոլորը տարբեր վարկածներով արդեն վերլուծել են այս գագաթնաժողովը՝ շրջանառու դարձնելով իրական և անիրական վարկածներ:
Արդյո՞ք չասված հրապարակային բան կա, որ Փաշինյանը որոշել է կիսվել իր կուսակցական թիմի հետ, թե՞ Փաշինյանի խնդիրն ավելի լոկալ է՝ եվրաինտեգրման բրենդով ապահովել իր թիմի «գաղափարա- քաղաքական» կենսունակությունը:
Իմ կարծիքով՝ երկրորդ վարկածն է:
Համենայն դեպս, Բրյուսելի եռակողմ հանդիպման ստվերում, կարծես թե, չկան բաներ, որոնք հրապարակված չեն Փաշինյան- Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ավարտին ընդունված հայտարարության տեքստում:
Մնում է ենթադրել, որ Փաշինյանն ընդամենը լուծում է ներքաղաքական մոդերացիայի խնդիր: Եթե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են հատակին, իսկ Արևմուտքից անվտանգային երաշխիքներ չեն ստացվում, Փաշինյանը «հակառուսականությունը» և «եվրաինտեգրումն» օգտագործում է ներքաղաքական նպատակներով, սեփական իշխանությունն ամրապնդելու մոտիվով:
Վահրամ Բագրատյան