Քրեական բեսպրեդել

Դիմակավորված անձինք ՁՊՎ տանելու ճանապարհին ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին, որը նախօրեին հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել:
Ընդ որում, երեկ նրա փաստաբանները և Սամվելին այցելած պատգամավորները սահմռկեցուցիչ դրվագներ էին ներկայացնում խոշտանգումների մասին: Նման պատմություններ կարելի է լսել միայն ռազմագերիներից, ովքեր խոշտանգվել են Բաքվի բանտերում:
Երեկ չէի սխալվել, երբ գրել էի, որ այս դեպքն իշխանություններն օգտագործելու են ռեպրեսիաներ իրականացնելու համար: Այդ ալիքը սկսվեց հենց Սամվելից. իշխանությունները ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել մարդկանց հետ, ովքեր կհանդգնեն հասարակական պարսավանքի ենթարկել ՔՊ-ին, նրա անդամներին ու, առհասարակ, շուտով քննադատությունը, այլընտրանքային կարծիքը, ընդդիմախոսությունը մեծ «շռայլություն» են համարվելու Նիկոլի «բացառիկ ժողովրդավարական» Հայաստանում:
Այս իրավիճակը կանխատեսելի է, ու այս համատեքստում շատ կարևոր անելիք ունի ընդդիմությունը: Մի կողմից, նրա խնդիրն է ապահովել քաղաքական և հանրային կոնսոլիդացիա՝ իշխանափոխության օրակարգով, մյուս կողմից՝ փոքրացնել իշխանության ռեպրեսիվ պոտենցիալի հնարավորությունները: Սրա միակ ճանապարհը կանխատեսելի ժողովրդավարական գործընթաց հարուցելն է:
Վահրամ Բագրատյան