«Արցախաֆոբիան» շարունակվում է. հրահանգել են փազլներից հեռացնել Արցախը և հետ վերադարձնել վաճառված խմբաքանակը

Մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է հերթական արցախաֆոբիայի դրսևորման մասին, այն է՝ «Xaxalove» հայկական ապրանքանիշը, որից գնել էր դեկտեմբերին մեծ քանակի փազլներ, զանգահարել են իրեն և խնդրել հետ վերադարձնել: Պատճառը դարձյալ Արցախն է։
Աթաջյանը գրել էր, որ իրեն զանգահարել են «Xaxalove»-ից ու հիշեցրել, որ ամիսներ առաջ իրենցից մեծ քանակի պատվեր է արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով և հայտնել էին, որ այդ քարտեզները հետ են հավաքում, որ նոր խմբաքանակ թողարկեն։
««Ես հարցրեցի․
- Այսինքն, առանց Արցախի՞
- Դե մեզ այդպես են հրահանգել»»,- պատասխանել են խանութից, ապա Աթաջյանն անջատել է զանգը։
«Կրկին են զանգել խանութից և փորձել են արդարանալ, թե «բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… նման բաներ… »»,- գրել էր Աթաջյանն ու հավելել, որ վստահ է՝ ընկերության «նկարներում ու քարտեզում պատկերված Արարատն էլ չի լինի նոր խմբաքանակում»։
Ո՞վ է «հրահանգել» ու ինչի՞ համար․ MediaHub-ը փորձեց կապ հաստատել «Xaxalove»-ի հետ, հասկանալու, թե ո՞ր կառույցից են դրդել նրանց այդ քայլին գնալ, հետ հավաքել արդեն իսկ վաճառված խմբաքանակը և հետագայում տպագրվող փազլներից հեռացնել Արցախը: Պարզվեց, որ գրառումից հետո «Xaxalove»–ը որոշել է չպատասխանել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին, գրեթե 10 րոպե անպատասխան թողնելով մեր զանգը։
Արդյո՞ք ԿԳՄՍՆ-ից է եղել հրահանգը և արդյո՞ք կարող են նման հրահանգներ իջեցնել մասնավոր ընկերություններին: MediaHub–ին նախարարությունից պատասխանեցին, որ առք ու վաճառքով զբաղվող մասնավոր ընկերությունների գործունեության հետ առնչություն չունեն, և խնդրեցին հարցում ուղարկել։
Եթե նախարարությունը կապ չունի, ապա ո՞վ է հրահանգել և ինչի՞ համար, արդյոք սա ևս տեղավորվում է օկուպացված Արցախի, Արցախի դրոշի և արցախահայերի դեմ տարվող արշավի տրամաբանության մեջ:
Նշենք, որ մի քանի օր առաջ էլ MediaHub-ը գրել էր՝ Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ որոշումն իրենն է։
Մարիաննա Արամյան