Ո՞վ է փչացնում Փաշինյանի տրամադրությունը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանն այսպիսով վիժեցնում է ԵՄ օգնությունը Հայաստանին: Բրյուսելում պարիտետին կողմ են, սակայն փաստն այն է, որ Բաքուն Եվրամիության Խաղաղության հիմնադրամից օգնություն հայցելու խնդիր չունի, պարզապես Հունգարիայի և այլոց միջոցով վիժեցնում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը:
Այս մարտավարությունը Բաքուն հաջողությամբ կիրառել է նաև ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում՝ ցույց տալով, որ այդ կառույցներում ավելի շատ իրական դաշնակից ունի, քան Հայաստանը:
Հիմա փաստացի Բաքուն «ներկա» է Հայաստան-ԵՄ հարաբերություններում. նախ՝ Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով նվազագույնի հասցրեց Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման քաղաքական նշանակությունը, իսկ հիմա չեզոքացնում է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման պայմանավորվածությունները:
Հենց այս համատեքստում եմ անընդհատ շեշտում, թե չի կարելի չափազանցնել Արևմուտքի քաղաքական նշանակությունը: ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն կարող և չեն ուզում լինել Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Վահրամ Բագրատյան