Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» կարող է վերածվել փաշինյանական կամ տարածքաշրջանային տուպիկի․ Մաթևոսյան

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը շարունակում է զենք գնել։
Ի՞նչ սպասենք Ադրբեջանից, արդյո՞ք ունենք անհանգստության իրական պատճառներ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«Թուրքիան և Ադրբեջանը Արցախի Հանրապետության տարածքում զորավարժություններ անցկացրեցին, իսկ Ադրբեջանը երկու անգամ տապալեց բանակցային գործընթացի հերթական փուլերը Գրանադայում և Բրյուսելում։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Լեմկինի ինստիտուտը արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կառույցն է կամ սուբյեկտը, որը զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի մասին։ Վերլուծությունները ցույց տվեցին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու համար Ադրբեջանը կարող է լայնածավալ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ և այդ պատերազմը կարող է ավելի արյունալի և անսպասելի հետևանքներ ունենալ, քան 2020 թվականի պատերազմը»,- ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանը նշեց, որ չի հանդիպել տեղեկություն ադրբեջանական այն զորքերի մասին, որոնք կուտակվել էին Արցախի Հանրապետության սահմանների երկայնքով։ Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք դրանք հեռացել են սահմանից, թե ոչ։
Ըստ նրա՝ Ադրբեջանը մեզ հանգիստ չի թողել, իրենք Արցախի «կլանումն են» մարսում, որ բանակցային նոր փուլին ընդառաջ նոր պահանջներ ներկայացնեն Հայաստանին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մեր զրուցակիցը նշեց. «Ֆուտբոլ նայելը հետաքրքիր չի լինում, եթե դոմինանտային է լինում մեկ թիմ, հետաքրքիր է լինում, եթե երկու թիմն է խաղում և հետաքրքիր խաղ է ձևավորվում։ Նույնը «Խաղաղության խաչմերուկն» է. արդյո՞ք Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը պատրաստ են իրականացնել այդ ծրագիրը։ Իրանը համաձայնության է գալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որ իր տարածքով իրականացվեն որոշ կոմունիկացիաներ, Թուրքիայի նախագահն էլ խոսում է, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով կարող է անցնել և շատ մեծ ծրագիր իրականացնել։ Եվ Փաշինյանի ներկայացրած այս «Խաղաղության խաչմերուկը» կարող է վերածվել փաշինյանական կամ տարածքաշրջանային տուպիկի»։
Ըստ քաղաքագետի՝ «Խաղաղության խաչմերուկն» ինքնին հասկանալի է, և բոլորն էլ կուզենային հարևանների հետ փոխըմբռնելի հարաբերություններ ունենալ, բայց Ադրբեջանը Հայաստանին ընդունում է եկվոր, իսկ եկվորի հետ չեն պայմանավորվում, այլ «վռնդում» են այն տարածքից, որում իրենք համարում են երկվոր։ Այս պարագայում «Խաղաղության խաչմերուկի» մասին խոսք գնալ չի կարող։
«Քանի դեռ այս իշխանություններն են, և մենք չունենք վստահելի փոխհարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ, Ադրբեջանի ախորժակը կարող է դրսևորվել Հայաստանի դեմ ռազմական գործողություններով։ Հայաստանի թուլությունը գրգռում է Ադրբեջանին, և դա փաստ է»,- եզրափակեց Մաթևոսյանը։
Մարիաննա Արամյան