Չեմ պատկերացրել, որ Արցախը կարժանանա Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի ճակատագրին

Արցախի Շուշիի ազատագրման մարտերին մասնակցած, առաջին պատերազմում ամուսնուն կորցրած, ստեփանակերտցի ակտիվիստ Ժաննա Արզումանյանը, բռնի տեղահանությունից հետո առողջական խնդիրներ ունի։
Կազդուրվելու համար ամեն օր Կարմիր խաչում բուժօգնություն է ստանում։ Սրտնեղում է ոչ թե առողջությունից, այլ Արցախը կորցնելու փաստից։ Արցախի փրկության համար Ժաննան ոչ միայն տարիներ առաջ զենք վերցրեց ու կռիվ տվեց մարտադաշտում, այլև աչք չփակեց ցանկացած անարդարության վրա։ Ստեփանակերտում կազմակերպել է հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, ցույցեր։ Հիմա, երբ արդեն Երևանում է, Արցախի հետ կատարվածը համարում է բոլորի մեղքը՝ թե՛ իշխանության և թե՛ ժողովրդի։ Թևաթափ չի եղել անգամ բլոկադայի օրերին։ Հաճախ էր Ստեփանակերտից ուղիղ եթերով ու դիպուկ գրառումներով դիմում ադրբեջանցի էկոակտիվիստներին։
Բայց երբ իրավիճակը գնալով սրվեց, ու ամեն ինչ ձեռք բերելու համար դարձավ կտրոնային համակարգով, երբ հումանիտար օգնությունը դադարեցվեց, իսկ սահմանին լարվածությունն ու թշնամական զորքի ու զենքի կուտակումները դարձան հաճախակի, արցախցի կինը հոգու խորքում մտածել է ամենաանցանկալիի՝ Արցախի հայաթափման մասին, բայց չի հանձնվել։
«Ես 4 պատերազմ եմ տեսել, բայց սեպտեմբերյան դեպքերը անբացատրելի էր, ամեն վայրկյան սպասում էինք, որ հիմա կգան ու մեր բնակարաններում մեզ կսպանեն, կխոշտանգեն։ Դա նման էր մահվան աչքերին ուղիղ նայելուն։ 1915-ի դեպքերի նման էր ամեն ինչ։ 24 ժամվա մեջ կատարվածը երբեք չեմ մոռանա իմ կյանքում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է նա։
Ժաննայի համար ամեն ինչ պարզ ու հստակ դարձավ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի վերջին ելույթից հետո, որ «2 տարբերակ ունենք՝ կռվել ու մեռնել կամ ինտեգրվել ու ապրել, 3-րդ տարբերակ չկա»։ Ինքը ևս ցավոտ իրականության հետ համամիտ է եղել, դրա համար պայքարել է, որ գոնե ամեն ինչ լինի բանակցային գործընթացով, առանց կոտորածի։
«Ալիևն արդեն մատ էր թափ տալիս, իսկ նրան ոչ միայն պատասխանող չկար, այլև մեզ թողել էին գազանի բերանում՝ աշխարհի աչքի առաջ։ Սեպտեմբերի 19-20-ի դեպքերն ուղղակի տեղի ունեցան աշխարհի լուռ համաձայնությամբ, կոչերի ու հորդորների ուղեկցությամբ։ Ուղղակի չեմ պատկերացրել, որ 21-րդ դարում խաղաղապահների ներկայությամբ, Արցախը կարժանանա Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի ճակատագրին և կենթարկվի էթնիկ զտման»։
Ազատամարտիկ կինը, որ ամբողջ կյանքն ապրել է Արցախում, հիմա չի համակերպվում ներկա իրողության հետ, չնայած նրան, որ մայր հայրենիքն իրեն գրկաբաց է դիմավորել։ Ավելի շատ կարոտում է իր մանկությանը, իր հարազատ քաղաքի ամեն անկյունն ու քարը։
«Արցախը տուն էր, այնտեղ թողեցի ամուսնուս, որդուս, ծնողներիս գերեզամնները, հայրենիքի պաշտպանության սահմանին նահատակված հազարավորների շիրիմները։ Էսքանից հետո ասում են համակերպվիր, ապրիր։ Նոր էջից կյանք սկսել չի լինում առանց Արցախի»։
Ասում է, որ դժվար էր գաղթի ճանապարհը։ Վախ կար, քանի որ սոցիալական մեդիահարթակում հաճախ է կռվի մեջ մտել թշնամու հետ։ Բայց Արցախը կորցնելուց հետո ուրիշ ինչի՞ց կարող էր վհատվել։ Ժաննա Արզումանյանը դժվարանում է պատասխանել՝ կվերադառնա արդյո՞ք։ Երևանում ամեն օր փնտրում է հավաքականության ոգին՝ ինչպես 1988-ին. «Առանց պայքարի հաղթանակ չի գալու»։
Հիշում է առաջին պատերազմին իր մասնակցությունը, երբ ընկերուհու՝ Քրիստինա Խաչատրյանի հետ մոտեցել է հրամանատար Կարեն Ներսիսյանին, խնդրել, որ ինքն էլ մասնակցի Շուշիի ազատագրման օպերացիային։
«2 նռնակ ենք վերցրել, որ թշնամին մոտենա պայթեցնենք, իհարկե՛ գիտակցելով։ Բանը դրան չհասավ, որովհետև ոգի կար, միասնություն կար, հաղթանակ կռեցինք։ Շուշի առաջինը մենք մտանք։ Հիմա այդ ոգին եմ ուզում, չկա»։
Ամուսինը Մարտակերտի պաշտպանության ժամանակ է զոհվել, որդին 2016-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Կարոտում է։ Փարատվում է աղջկա ընտանիքով ու 4 թոռներով։ Ժաննան երազանքներ շատ չունի, մեկն է ու թանկ․ «Ուզում եմ տուն վերադառնալ, ազատագրված Արցախ եմ ուզում, ամեն օր, ամեն ժամ»։
Հունան Թադևոսյան