Երանի եմ տալիս մեկ տարի առաջ մեր միամիտ հավատին չիրականացված սպասումներին ու երազանքերին

Երանի եմ տալիս մեկ տարի առաջ մեր միամիտ հավատին չիրականացված սպասումներին ու երազանքերին

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեկ։ Ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։

Իննամսյա շրջափակման, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին MediaHub-ը զրուցել է հեռուստալրագրող Արմինե Պետրոսյանի հետ։ 

«Տելեգրամյան ալիքներից տեղեկացանք, որ այսպես կոչված էկոլոգները նորից փակել են Շուշի-Քարին տակ խաչմերուկը։ Մենք, որ ընդամենը օրեր առաջ էինք մի քանի ժամով հայտնվել նույն իրավիճակում, այդ պահին շատ չանհանգստացանք։ Սկզբում մտածեցինք, որ ճանապարհը կբացվի երեկոյան, հետո՝ 24 ժամ անց։ Ու սկսեցինք հաշվել շրջափակման ժամերը, օրերը, ամիսները…»-ասաց մեր զրուցակիցը։ 

Արցախի հեռուստատեսությունն այն գլխավոր խոսափողն էր, որ այդ օրերին աշխարհին պիտի ցույց տար աշխարհից կտրված, դժվար կացության մեջ հայտնված մարդկանց մասին։  

«Մենք աշխարհին շրջափակման հետևանքով արցախյան կիսված ընտանիքների մասին պատմեցինք, հիվանդանոցներում ստեղծված իրավիճակի, օրեցօր դատարկվող խանութների։ Մենք առկա խնդիրներին զուգահեռ փորձեցինք ցույց տալ, որ Արցախում ապրող մարդիկ գիտակցված են կատարել այդ որոշումը, որ պայքարը հայրենիք գաղափարի համար է։ Ու ստացվում էր, որովհետև մարդիկ ավելի քիչ ստեղծված իրավիճակից էին խոսում և ավելի շատ Արցախում ցանկացած գնով մնալու իրենց որոշման»,- հիշում է Արմինեն։

Նոր տարին մոտենում էր։ Մեր զրուցակցի խոսքով՝ այդ օրերին արցախցիներն այնքան չէին մտածում տոնական սեղանների՝ որքան իրենց երեխաներին մի բուռ ժպիտ, ջերմություն ու հեքիաթ պարգևելու մասին։ 

«2020-ի պատերազմից հետո Ստեփանակերտում գլխավոր տոնածառը չէր տեղադրվում։ Մայրաքաղաքի պայմանական գլխավոր տոնածառը «Պյատաչոկում» էր։ Դեկտեմբերի 23-ին վառվեց տոնածառի լույսերը։ Միջոցառման մեկնարկը տրվեց «Պիտի ապրենք» երգով։ Այնքան հույս կար այդ օրը, այնքան ջերմություն»,- ասում է Արմինեն, ապա մեջբերում բլոկադայից դուրս գալու պայքարի մասին, որին լծվել էին մեծ ու փոքր։  

«Դեկտեմբերի 25-ին առաջին հավաքը տեղի ունեցավ։ Ամբողջ Արցախը Վերածննդի հրապարակում էր և բռունցքվել էր բոլորիս հույսն ու հավատը։ Հետո էլի հավաքներ տեղի ունեցան: Արդեն չեմ հիշում քանի անգամ նույն պահանջով նույն հրապարակում էինք, նույն՝ անփոփոխ հավատով։ Ամանորին բոլորս մեր տանն էինք։ Պարզվեց երջանիկ ամանոր էր շրջափակված Արցախի ամանորը»։

Արմինե Պետրոսյանը հիշում է, թե որքան հումորներ կյանք առան այդ օրերին․ «Մեզ դա էր ապրեցնում»։ 

Հետո Արցախում սկսվեցին հովհարային անջատումները, շարունակ խափանվում էր գազամատակարարումը։ Դպրոցներն ու մանկապարտեզները ժամանակ առ ժամանակ փակվում ու բացվում էին։ «Մենք փորձում էինք լինել ամեն տեղ, որ կարողանայինք շատ պատմել Արցախի ու տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Չգիտեմ՝ որքանով էր հաջողվում։ Հետո շրջափակման մասին ավելի քիչ սկսեցինք խոսել, որովհետև դժվար էր մնալ լրագրող մի երկրում, որտեղ տեղի ունեցող իրադարձությունների անմիջական կրողը նաև դու ես։ Հիասթափված էինք միջազգային բոլոր գնահատականներից, հնչող կարծիքներից, վիրավորված Մայր Հայաստանից»,- պատմում է Արմինե Պետրոսյանը։ 

Լրագրողն ասում է, որ Արցախում ապրած յուրաքանչյուր օրը տագնապ էր։ Մարտին 5-ի առավոտյան ադրբեջանական դիվերսիայի հետևանքով 3 ոստիկան էր զոհվել։ Զոհեր ունեցանք նաև ամռանը՝ Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ։ «Համեմատական խաղաղության պայմաններում, պատերազմից գրեթե 2,5 տարի անց, մենք մեր խաղաղ առավոտների համար դեռ շարունակում էինք թանկ գին վճարել։ Այդ անգույն ամիսներին միակ գունավորը՝ սննդի տրամադրման կտրոններն էին, որ շատ-շատերն այդպես էլ չօգտագործեցին։ Մերը մնաց պահարանում։ Ինձ հետ վերցնել չուզեցի։ Շատ հաճախ առավոտներն արթնանում էինք հացի փռի մոտ հավաքված մարդկանց ձայներից։ Հերթերն ամենուր էին։ Կաթնամթերքի, հացի, մրգի, բանջարեղենի, մանկական կերի ու տակդիրի համար ամբողջ Արցախը հերթ էր կանգնում։ 9 ամսվա ընթացքում 2-3 անգամ էլ քաղցրավենիքի համար էր հերթ գոյացել»,- այդ ծանր ու դժվար օրերը վերհիշում է մոտ 120 հազար արցախցիներից մեկը, ով բոլորի պես մտածել է՝ «պայքարը հայրենիք ունենալու համար է»։ 

«Քաղաքը մեռել էր։ Տրանսպորտ, ավելի ճիշտ վառելիք չկար։ Շրջափակման դժվարությունները սկսեցինք օգտագործել հօգուտ մեզ, որ մի քիչ հեշտ ապրեինք։ Ոտքով քայլելն առողջ ապրելակերպ էր, ցամաք հացը՝ վնասակար, քաղցրավենիք չկա, ոչինչ վնաս է, մեղր ու դոշաբ կուտենք, եթե իհարկե գտնեինք։ Շրջափակման մասին այլ՝ մեզ համար լրիվ նոր ձևաչափով, սկսեցինք ես ու Նինան պատմել՝ «Պաշարված Արցախ» ծրագրի շրջանակում։ Ամեն օր եթերում էինք ու ներկայացնում էինք առկա խնդիրները, մարտահրավերները, արցախցիների մտահոգությունները։ Հետո նորից խոսեցինք միայն լուրերով։ Կարճ ռեպորտաժներով փորձում էինք մեր այդքան մեծ խնդիրները ներկայացնել․ առևանգված քաղաքացիներ Հակարիի անցակետում, թելադրված ասելիքով հարցազրույցներ նույն անցակետում, Ակնայով ճանապարհի բացում, սովամահության արձանագրված դեպք և 120 հազար մարդ, որոնց վերջին հույսը սպանում էր ամեն մի բացվող նոր օրը»,- պատմում է նա։

Սեպտեմբերի 19-ի առավոտն Արցախի շրջափակման հերթական առավոտներից մեկն էր։

Արմինեն ասում է, որ նախորդող օրերի պես այդ օրն էլ իրավիճակը լարված էր, բայց վտանգը որքան մոտենում, այնքան մերժվում էր ցավոտ զարգացումներն ու ասում՝ «լոխ լյավ պիտի ինի»։ «Լավ այդպես էլ չեղավ։ Արցախի շրջափակման մեկ տարվա հեռավորությունից ես միայն երանի եմ տալիս 2022թ․ դեկտեմբերի 12-ի մեր միամիտ հավատին, չիրականացված սպասումներին ու երազանքերին։ Այնքան ուրախ եմ, որ այդ օրերին ես Արցախում էի, որ եղա այնտեղ, որտեղ իրականում մենք պիտի լինեինք»,- եզրափակեց Արմինե Պետրոսյանը։

Հունան Թադևոսյան