ԲՊՀ-ի պրոռեկտորին բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՊՀ-ի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը բերման էին ենթարկվել։
MediaHub-ի հետ զրույցում ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ասաց, որ պրոռեկտոր Սահակ Մանուկյանին և դասախոս Հակոբ Մադոյանին Երեւանի Մինսկի փողոցից բերման են ենթարկել երեկ երեկոյան և ազատ են արձակել 6 ժամ անց։
«Բերման են ենթարկել իբր թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Նայելով ինչ է տեղի ունենում վերջին ամիսներին՝ կարելի է ասել, որ երկուսն էլ ընդդիմադիր հայացքներ ունեն և չեմ բացառում, որ հենց դրա համար էլ իրենց բերմանն են ենթարկել»,- ասաց Ցոլակ Ակոպյանը։
Ըստ պրոռեկտորի՝ իր վրա էլ են փորձում քրեական գործեր "կարել" համալսարանի հետ կապված և այս երկու մարդն էլ իր նման գաղափարական առումով աջակիցներն են։
«Այս ընթացքում իմ վրա ինչ-որ պրոցեսներ են ընթանում, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ես ոչինչ չգիտեմ, ուղղակի լսել եմ, որ վարույթ է նախաձեռնվել։ Այս ամենը հատկապես ակտիվացավ իմ քաղաքական ակտիվությունից հետո»,- եզրափակեց նա։
Մարիաննա Արամյան