Լեռնային Ղարաբաղ բաժինը հասանելի չէ արդեն մեկ տարի. աո՜ւ, ԱԳՆ, լսո՞ւմ եք

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԱԳՆ կայքից Լեռնային Ղարաբաղի մասին բաժնի անհետացման խնդիրը:
Բանն այն է, որ անցած տարվա փետրվարին MediaHub-ը հայտնեց, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը:
MediaHub-ը ԱԳՆ-ից հետաքրքվել էր, թե ինչո՞ւ է գերատեսչության պաշտոնական կայքից հեռացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, ո՞րն է պատճառը, հատկապես, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանն էր բողոքել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության կայքում նման բաժին գոյություն ունի:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեզ հավաստիացրել էր, որ ոչ թե տեխնիկական խնդիր է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:
Սակայն, անցել է ուղիղ մեկ տարի, իսկ բաժինն այդպես էլ չկա։ Նշենք, որ մեկ տարի ԱԳՆ կայքից բացակայում էր նաև 44-օրյա պատերազմի մասին բաժինը և նույն պատկերն էր, երբ փորձում էինք մուտք գործել՝ Unable to perform request:
MediaHub-ը անցած մեկ տարվա ընթացքոմ ԱԳՆ–ից փորձում էր ստանալ պարզ հարցի պատասխան՝ ի վերջո ե՞րբ են հետ վերադարձնելու այդ բաժինները, բայց ամեն անգամ նույն ոչինչ չասող պատասխանն էինք ստանում:
Մի քանի օր առաջ հարցում ուղարկեցինք ԱԳՆ՝ նույն հարցադրմամբ, և մեր հարցին ի պատասխան ԱԳՆ–ից պատասխանել են՝ ՀՀ ԱԳ նախարարության կայքը գտնվում է թարմացման փուլում։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «44-օրյա պատերազմ» բաժինը հասանելի է»,– գրված էր պատասխանում։
Առաջինը, ինչը մեր «աչքը ծակեց» այն է, որ ԱԳՆ լրատվական վարչությունը չի կարողացել նորմալ արտագրել լրագրողի անունն ու ազգանունը՝ սխալ անուն գրելով հարցման պատասխանի մեջ։
Երկրորդն այն է, որ մեր հարցումը բավականին մեծ էր, իսկ պատասխանը ներառում է ընդամենը երկու տող։ Մենք հետաքրքրվել էինք, թե վերջին օրերի հանրային դիսկուրսը հաշվի առնելով՝ արդյո՞ք նույն կերպ կայքից կհեռացվի նաև «Հայոց ցեղասպանության» բաժինը, մասնավորապես, այն բանից հետո, երբ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե պետք է հասկանալ ի՞նչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ։
Ըստ այդմ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԱԳՆ–ն ինչ–որ քայլեր անում է Փաշինյանի տեսանյութից հետո, որպեսզի, ինչպես ասել է վերջինս, հասկանա, թե ի՞նչ է տեղի ունեցել Ցեղասպանության ժամանակ։ Սակայն, այս հարցերին ԱԳՆ-ն որոշեց չպատասխանել:
Իսկ «Լեռնային Ղարաբաղ» բաժինն այդպես էլ շարունակում է բացակայել:
Ինչ վերաբերում է «44-օրյա պատերազմ» բաժնին, որը մի քանի օր առաջ դեռ հասանելի չէր, այն մուտք գործելու համար դժվար ճանապարհ է պետք անցնել՝ կայքում մի տեղից մուտք գործելով բացում է էջը, իսկ մեկ այլ տեղից մուտք գործելիս գրվում է, թե էջը բացակայում է։
Այս ամենը վկայում է նախարարության աշխատակիցների, մեղմ ասած, անփույթ լինելու մասին՝ և՛ լրագրողի պաշտոնական հարցմանը պատասխանելիս արտագրել նորմալ չեն կարողանում վերջինիս անուն-ազգանունը, և՛ չեն կարողանում այնպես անել, որ էջը հեշտ հասանելի լինի մարդկանց համար:
Մարիաննա Արամյան