Երևանում ավտոբուսի կողային ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում տրանսպորտի գնի թանկացման դեմ շարունակվող բոյկոտի ֆոնին երեկ միջադեպ է գրանցվել, որի մասին հայտնել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- գրել էր նա։
Համացանցում անգամ տեսանյութ տարածվեց 31 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից։
MediaHub-ը ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից տեղեկացավ, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել խուլիգանություն եւ գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու մասին: Կատարվում է նախաքննություն»,– նշեց Ավդալյանը։
Մարիաննա Արամյան