Ասացին՝ «ցավում եմ, Ձեր եղբոր անունը զոհվածների ցուցակում է»… Ավանեսյանների ընտանիքը

Ասացին՝ «ցավում եմ, Ձեր եղբոր անունը զոհվածների ցուցակում է»… Ավանեսյանների ընտանիքը

Մարտունու շրջանի Ավդուռ գյուղից է, որը 2020 թվականին Ադրբեջանի հաղթանակից հետո դարձել էր առաջնագիծ։ Գյուղի բոլոր տներից երևում էին թշնամական դիրքերը։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում էր գրեթե ամեն օր, հատկապես, երբ տղամարդիկ գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում դաշտերում։

MediaHub-ի զրուցակիցն Անուշ Ավանեսյանն է։ Պատմում է իր ընտանիքի պատմությունը, 2020 թվականին հայրենիքի պաշտպանության սահմանին անմահացած եղբոր՝ Արմանի, իր մյուս 2 եղբայրների հրաշքով փրկվելու և գաղթի ճանապարհի մասին։ Նախքան պատերազմը Անուշն ամուսնացել էր սահմանամերձ Մատաղիսում։ Երբ Արմանը զորակոչվել է բանակ, ուսումնական շրջանն անցել է Մատաղիսում, հետո՝ տեղափոխվել Թալիշ։ Քույրը հիշում է եղբոր խոսքերը՝ «գիտեմ` հիմա ինչի համար եմ ստեղ, ում համար եմ ծառայում»։

«Երբ սկսվեց 44-օրյա չարաբաստիկ պատերազմը, եղբայրս զորամասում էր։ Սեպտեմբերի 27-ին տագնապով ամբողջ վաշտով բարձրացել են դիրքեր, 107-ում էր, դա ամենավտանգավոր դիրքերից մեկն էր։ Սեպտեմբերի 29-ին նահանջ հրաման են ստացել, հետ են եկել Թալիշի տարածք։ Դիրքավորվել են հրամանատարական կետի հարակից հենակետերում։ Երբ այդտեղից էլ նահանջ հրաման են ստացել, չեն կատարել։ Մենք տարհանվեցինք գյուղից, քանի որ մնալը շատ վտանգավոր էր։ Այդ ընթացքում միայն Աստված գիտի ապրումներս, քանի անգամ եմ զանգել, քանի հոգուց եմ լուր խնդրել։ Մեջս վախի տագնապ կար, որովհետև վատ տեղ էր»,- պատմում է քույրը, մտովի տեղափոխվում հայրենի տուն, հիշում մանկության այն հեռավոր տարիները, երբ ամեն ինչ խաղաղ էր, եղբայրը՝ ներկա։

«Երբ տարհանվեցինք Հայաստան, այստեղից շարունակում էի փնտրտուքները։ Հոկտեմբերի 6-ին զանգում եմ թեժ գիծ, չմտածելով, որ նման լուր կստանամ։ Ասացին՝ «ասեք ձեր եղբոր անուն ազգանունը», մի քանի վայրկյան անց լսեցի՝ «ցավում եմ, ձեր եղբոր անունը զոհվածների ցուցակում է»»։

Անուշն ասում է, որ նման դեպքերում չես հավատում, ցանկություններդ հակասում են իրականությանը և հակված ես հավատալ ցանկալի ստին, քան դառը ճշմարտությանը։

«Ամիսներ հետո ԴՆԹ թեստով հաստատվեց Արմանի ինքնությունը։ Բերեցին փակ դագաղով, ծածկված եռագույն դրոշով։ Հետո իմացանք, որ զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ Թալիշի մատույցներում, «Արցախ» աղբյուրի մոտ։ 104 օր էր մնացել զինվորիս զորացրվելուն։ Եղբայրս հուղարկավորվեց Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։ Ամեն օր երազում ծաղիկներով այցի եմ գնում նրան, բայց չեմ հասնում։ Հիմա մեր ընտանիքի միակ ցանկությունը արտաշիրիմումն է, որ լացելու տեղ ունենանք»,- պատմում է մեր զրուցակիցը։

 

Անուշի մյուս 2 եղբայրները՝ Արթուրն ու Արայիկը, 44-օրյա պատերազմից հետո վրեժով էին լցվել։ Հայրենի Ավդուռ գյուղում ստեղծվել էր աշխարհազոր ուժերի խումբ։ Եվ չնայած տարիքին, հրամանատարն ընդառաջել է նրանց ցանկությանը և 16-17 տարեկան տղաներին ընդգրկել խմբում։ Հսկում էին սահմանամերձ Ավդուռ գյուղի դիրքերից մեկը։

«Երբ խնդրում էի՝ «դիմում գրեք դուրս եկեք ծառայությունից», ասում էին՝ որ «պատերազմ լինի, հո՞ չենք մտնելու կարավաթի տակ, մեկ ա գնալու ենք կռվենք»։ Ասացի՝ «հասկանում եմ, վրեժ ունեք, բայց մեր մասին էլ մտածեք»»,- հիշում է կինը։

Վերջին օրերին եղբայրները հիմնականում տանը չէին լինում։ Լարված իրավիճակի պատճառով հաճախ «Համար 1» ռեժիմ էր դիրքերում։ Իրավիճակը օրեցօր ավելի էր սրվում սահմանին։ Սեպտեմբերի 19-ին Աննան իր 2 տարեկան դստեր հետ պատրաստվում էր գնալ հուշահամալիր՝ Արմանին այցի։ Նախ, զանգում է դիրքապահ եղբայրներին, տեղեկանում նրանց որպիսության մասին, քեռիները խոսում են նաև բալիկի հետ, քրոջն ու մորը վստահեցնում, որ լավ են։ «Կանգնած նայում էի Արմանի աչքերին, զրույցի մեջ էի մտել, երբ այդ պահին սկսվեց պատերազմը։ Խնդրեցի հերոսիս՝ երկնքից կպահես, կպաշտպանես եղբայրներիդ, չթողնես անեն էն, ինչը դու ես արել, որովհետև էլ ուժ չունենք, չենք դիմանալու։ Բալիկս հարցրեց՝ մամա, էս ի՞նչ ձայներ ա, ասացի որոտում ա, անձրև ա գալու իմ աղջիկ…. նայում էի պատուհանից ու տեսնում էի մարդիկ ոնց են երեխաներին գրկած վազում դեպի նկուղներ, սարսափելի էր»։ 

Անուշը երեխային գրկած Կրկժան թաղամասից հասել է մինչև Մայր տաճար, քաղաքում մարդկանց շարժ չի տեսել, միայն շտապող մեքենաներ է տեսել ու լսել չդադարող կրակոցների ձայները։ Կապ ոչ մեկի հետ հնարավոր չի եղել։ Մութն ընկնելուն պես նորից բարձրացել է տուն։ Գիշերը մորաքույրն է զանգել հիվանդանոցից, ասել, որ եղբայրներն իրենց մոտ են։ Ասաց՝ «պանիկայի մեջ չընկնես, լավ են, միայն Արթուրը պիտի վիրահատվի»։ 

«Հաջորդ օրն առավոտյան վազեցի հիվանդանոց։ Ամենուր արնահոտ էր գալիս։ Գրկեցի փոքր եղբորս, երեխայիս տվեցի իրեն և վազեցի Արթուրի մոտ։ Մորաքույրս եկավ ասաց, մինչև տեսնելդ ասեմ՝ չվախենաս, Արթուրի ոտքերը երկաթներով են հավաքել։ «Միայն թե ողջ մնա, ինքը ինձ առանց ոտքերի էլ է պետք»,- պատմում է Անուշը, ավելացնում, որ Արմանին կորցնելուց հետո, չէր ուզում լսել մահի մասին.

«Մտա հիվանդասենյակ, գրկեցի, չէր կարողանում խոսել, արհեստական շնչառական ապարատի տակ էր, ոտքերից բացի գանգուղեղային խորը վնասվածք էր ստացել, աչքերն էր վնասվել ու ձեռքի մատները։ Բժիշկն առանձին ասաց, որ վիճակը ծայրահեղ ծանր է, բայց ջահել է, եթե պայքարի, գուցե արդյունքի հասնի»։ 

Փոքր եղբայրը՝ Արայիկը քրոջը պատմել է կատարվածը. Արթուրը գիտեր, թե զոհվելու է, որովհետև շատ արյուն էր կորցրել. «Ասաց մամայիս լավ կպահեք»։ 

Ստեփանակերտում գտնվելու օրերին Արթուրը կոմայի մեջ է ընկել։ Բժիշկների շնորհիվ պայքարել։

Մի շաբաթ անց ծանր վիճակում նրան տեղափոխել են Երեւան։ Նրա հրամանատարը պատմել է, թե «երբ թուրքերը կրակել են, լսվել է Արթուրի գոռոցը, վայրկյաններ անց տեսել եմ Արոկան ոնց ա մեր վրայով վազում։ Ճակատը պաչեք էդ տղու, որ իրան էլ մի գյուլա չի կպել։ Ասաց՝ «մենք թիկունքը պահել ենք, ինքը տարհանել է եղբորը»»։

Քույրն ասում է, որ միշտ եղբայրներին խնդրել է, որ հակառակ հերթափոխով գնան դիրքեր, բայց եղբայրներն ընդվզել են․ «Հիմա հասկացել եմ, որ պետք էին իրար, իրանք գիտեին ինչի համար են միասին»։ 

Արթուրի մի ոտքն ամպուտացված է, մյուսը՝ երկաթներով հավաքված։ Այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը։ 

Հունան Թադևոսյան