Ադրբեջանում մեր ռազմագերիներն ավելի տղամարդավարի են իրենց պահում, քան Հայաստանի ղեկավարները

Ադրբեջանում մեր ռազմագերիներն ավելի տղամարդավարի են իրենց պահում, քան Հայաստանի ղեկավարները

«Գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահները և ռազմաքաղաքական մյուս ղեկավարները Հայաստանի համար անում են ավելին, քան հենց Հայաստանի իշխանությունները»,- MediaHub-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք է հայտնում «Վանաձոր» կամավորական ջոկատի ազատամարտիկ Համլետ Կիրակոսյանը։

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի ներգրավվածությունը 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքով, ինչը իրավական տեսանկյունից համարվում է լեգիտիմ։ Իսկ 3-րդ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը քրեական կամ դատական քննարկման առարկա չէ, և որ արցախցիների պայքարը միայն ինքնորոշման նպատակ ուներ։ 

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

«Այս խոսքերից հետո, ըստ Բաքվից եկող լուրերի, դատավարության ընթացքում նրանց ցուցմունքը ոչ ոք չի առարկել, թեպետ կեղծ դատավարությունն ադրբեջանական շոուներով շարունակվում է։ Ի՞նչ է ասում Հայաստանը․ նախ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ հոգեներգործուն միջոցների ազդեցությամբ են ցուցմունք տալիս հայ գերիները, իսկ երեկ էլ հայտարարվեց՝ «պետք է գերի չընկնեին»։ Ադրբեջանում, գերության մեջ մեր ռազմագերիներն իրենց ավելի տղամարդավարի են պահում, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի սեփական շահերը պաշտպանելու ընդունակություն չունի, ուր մնաց թե գերիների մասով կարողանան հարց լուծել»,-նշում է նա։

Իսկ ի՞նչ են արել կամ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները Հայաստանի համար։ Մեր զրուցակցի խոսքով՝ քայլ առ քայլ Հայաստանը մոտեցնում են կապիտուլյացիայի։ 

«Ուկրաինան վառ օրինակ. ահա թե ինչ է նշանակում ունենալ Զելենսկու պես նախագահ, ահա թե ինչ ճակատագիր են ունենում այն երկրները, որոնք հույսը դնում են Արևմուտքի վրա, և վերջապես, ահա այն ամենի արդյունքը, երբ երկրիդ ղեկը վստահում ես տգետներին»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան