Հրադադարի խախտումների վերաբերյալ կեղծ հաղորդագրությունները գուժում են սպասվող աղետը. Փաշինյանը դա լավ գիտի

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, մինչև Ալիևը Հայաստանից չստանա այն ամենը, ինչ ցանկանում է։ Սահմանադրության փոփոխությունից, «Զանգեզուրի միջանցքից» բացի, խոսք է գնում արդեն անկլավների, մասնավորապես, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի և Տավուշի մարզից որոշ գյուղերի մասին։
«Իսկ Հայաստանը, ժողովրդական հայտնի ասացվածքին հակառակ դեռ գետը չհասած՝ հանել է կոշիկները։ Իրենց կեղծ մանիպուլյացիաներով, մեղքը սրա-նրա վրա բարդելով, հայտարարում են, թե գնում ենք խաղաղության, իսկ մտածող, պատերազմներից խուսափող ընդդիմադիր ուժերին մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ։ Եվ եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն ռազմավարական նշանակության տարածքների կորուստ կունենանք, այլև պետականության, ինչը թուրք-ադրբեջանական դաշինքի դարավոր երազանքն է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմինե Հայրապետյանը։
Թուրքիայի ու Ադրբեջանի մասին խաղաղության վերաբերյալ մոտեցումները, մեր զրուցակցի խոսքով, արտահայտվում են ՀՀ հարկատուների հաշվին Հայաստան հրավիրված թուրք լրագրողների Երևանի սրտից պատրաստած ռեպորտաժներով, Բաքվի հեռուստաթատրոններոով ցուցադրվող ներկայացումներով։
«Էրդողանին ու Ալիևին հուզում է միայն մեկ բան՝ վերցնել միջանցքը, իրագործել Աթաթուրքի թուրանյան նախագիծը, Հայաստանին զրկել պետականությունից։ Մեր երկիրն այլ հետաքրքրություն չի ներկայացնում իրենց համար։ Դա վառ ներկայացված է իրենց պատրաստած ռեպորտաժներում, որտեղ անգամ մայրաքաղաք Երևանը ներկայացվում է որպես թուրքական հինավուրց քաղաք։ Իսկ օրերս ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը ցուցադրում էր մի ներկայացում, որտեղ ՀՀ վարչապետի կերպարը ներկայացվում է որպես մի խեղկատակ, որը հպատակվում է թշնամու առաջ, երբ նրան փող են տալիս, նա համաձայնվում է ամեն ինչի։ Սա է մեր ու նրանց տարբերությունը՝ խաղաղության խաչմերուկում»,- նշում է վերկլուծաբանը։
Հայրապետյանը կասկած չունի, որ Ալիևը չի հրաժարվելու իր ցանկություններից, քանի դեռ Հայաստանում երկիրը ղեկավարում է փաշինյանական կլանը։
«Իսկ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ամենօրյա կեղծ հաղորդագրությունները գուժում են սպասվող աղետի մասին։ Դրա մասին հրաշալի գիտեն և՛ Փաշինյանը, և՛ ՔՊ-ն»,- եզրափակեց նա։
Հունան Թադևոսյան