Փաշինյանի փակուղին

Աննա Հակոբյանին՝ կրտսեր դստեր հետ, Ծիծեռնակաբերդում քաղաքացիները երեկ դիմավորել են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով:
Անշուշտ, երեխայի շահը ամեն ինչից վեր է ու իսկապես ծանր էր տեսնել մանկահասակ երեխայի ապրումներն այն պահին, երբ հավաքված մարդիկ նման «ջերմ» ընդունելության էին արժանացնում նրա ծնողներին:
Բայց չմոռանանք նաև, որ այդ գռեհիկ «մշակույթը» Հայաստանում ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության օրերին, երբ ամենագռեհիկ դրսևորումներով թիրախավորվում էին Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Մյուս կողմից, ի՞նչ է ակնկալում Փաշինյանը մի հասարակությունից, երբ իր քաղաքականությունը դարձել է ազգային աղետի պատճառ: Մի՞թե հնարավոր չէր կանխատեսել հասարակության նման վարքագիծը և այնպես կազմակերպել ընտանիքի անդամների այցը Ծիծեռնակաբերդ՝ խուսափելու նման տհաճ միջադեպից:
Իհարկե, հնարավոր էր:
Մնում է ենթադրել, որ երեկվա «կանխատեսելի» սցենարը մտել է նաև Փաշինյանի քաղաքական հաշվարկների մեջ:
Գուցե նա «տառապյալի» լուսապսակով ներկայանալու խնդիր ունի կամ միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ, թե ինչպիսի մեծ զոհողությունների գնով է գնում ծանր զիջումների:
Էլ չասեմ, որ երեկվա միջադեպն այն առիթներից մեկն է, որը լեգիտիմացնում է Փաշինյանի ռեպրեսիաները:
Վահրամ Բագրատյան