Իմպիչմենթի ոդիսականը 

Իմպիչմենթի ոդիսականը 

Բագրատ Սրբազանը երեկ հայտարարել է, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021-ին դուրս եկած պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։

«Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը»,- ասել է նա։

Ազգային ժողովի՝ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։

Այդպիսով, Իշխան Զաքարյանի գործոնը դառնում է խիստ կարևոր, որովհետև եթե նա գործընթացին չմիանա, իմպիչմենթի գործընթացի նախաձեռնման հավանականությունը գրեթե զրոյական է դառնում: Այս պարագայում ենթադրելի է, որ Զաքարյանի նկատմամբ մեծ ճնշումներ կիրականացնի նաև իշխանությունը:

Առհասարակ, իմպիչմենթի հաջող ընթացքի հեռանկարը խիստ մշուշոտ է, որովհետև այս պահին փողոցի պոտենցիալը դեռ ճաքեր չի առաջացրել իշխանության ճամբարում. դրա համար պետք է, որպեսզի պարալիզացվի Երևանը՝ Փաշինյանին զրկելով մանևրելու հնարավորությունից:

Մյուս կողմից, բաց է մնում վարչապետի այլընտրանքային թեկնածուի հարցը: Շարժման անվիճարկելի առաջնորդը Բագրատ Սրբազանն է, ով սակայն որոշակի իրավական խնդիրներ ունի երկքաղաքացիության հետ կապված, իսկ որևէ այլ թեկնածուի շուրջ կոնսենսուսը բավականին բարդ է՝ հաշվի առնելով քաղաքական համակարգի ճգնաժամը:

Սրանով հանդերձ, շարժումը մարելու որևէ միտում չունի, որովհետև դա ծավալման հիմքում իշխանության ճգնաժամն է:

Վահրամ Բագրատյան