Հուղարկավորմանը ո՛չ հարազատ եղբայրը մասնակցեց, ո՛չ քույրը․ Սիմոնյանների ընտանիքը բոլոր պատերազմների ականատես 

Հուղարկավորմանը ո՛չ հարազատ եղբայրը մասնակցեց, ո՛չ քույրը․ Սիմոնյանների ընտանիքը բոլոր պատերազմների ականատես 

Վիտալի Սիմոնյանը 12 տարեկան էր, երբ արցախյան առաջին ազատամարտում զոհվել է հայրը՝ Բորիս Սիմոնյանը։ Որպես տան ավագ որդի, պատերազմից հետո ստանձնել է տան տղամարդու պարտականությունը, թեթևացնելով մոր՝ Աիդայի հոգսը, հոգ տարել իրենից փոքր եղբոր և քրոջ մասին։ 

Արցախի տարեգրության մեջ դա թեպետ հաղթանակի, միևնույն ժամանակ սոցիալապես ծանր ու դժվար տարիներ էին։ Սիմոնյանների ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում։ Աիդա Սիմոնյանը միայնակ է մեծացրել զավակներին։ Վիտալին դեռ վաղ հասակից երազում էր զինվորական դառնալ։ 

Քույրը՝ Սիրվարդը MediaHub-ին պատմում է, որ եղբորը հաճախ կարելի էր տեսնել որսորդական համազգեստով, պապիկի հրացանը ձեռքին։ «Զինվորական պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո, եղբայրներս՝ Վիտալին և Վարդանը, պայմանագրային հիմունքներով զինվորագրվել են Պաշտպանության բանակում և շարունակել ծառայությունը հայրենիքին։ Մայրս էլ աշխատանքի էր ընդունվել Մարտակերտի զինվորական հոսպիտալում, որպես մայրապետ։ Պատերազմող երկրում ոչ պակաս դժվար առաքելություն էր կատարում սպիտակ բանակը։ Հորս զոհվելուց հետո մեր ընտանիքը մասնակցեց մյուս բոլոր պատերազմներին»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

«Ես չեմ կարող մոռանալ այն առավոտը, երբ լույսը բացվեց պատերազմի լուրով։ Մայրս ու եղբայրներս այնպիսի օրեր են տեսել, որ դժվար է հիմա բառերով վերարտադրել։ Ցավոք, ապրիլյան դեպքերով չսահմանափակվեց մեր թշնամու ցանկությունները։ 2020 թվականի պատերազմը շատ դաժան էր։ Հոկտեմբերին Վիտոն վիրավորվեց ոտքերից և նրան տեղափոխեցին Երևան։ Մի քանի օր հետո թշնամին ավիացիոն հարվածով գետնին հավասարեցրեց նաև զինվորական հոսպիտալը։ Թվում էր՝ ամենածանր օրերն էին իմ կյանքի, մանավանդ, որ մամայի հետ կապ հաստատել չէր հաջողվում։ Մորս հետ, փառք Աստծո, լավ էր ամեն ինչ, իսկ եղբայրս կազդուրվելուց հետո վերադարձավ Արցախ ու շարունակեց ծառայությունը։ Ի՞նչ իմանայի, որ հետոն ամենադաժանն է լինելու»։ 

Հրադադարից հետո մոր՝ տիկին Աիդայի մոտ հայտնաբերվում են մի շարք առողջական խնդիրներ։ Սիրվարդն ասում է, որ հոսպիտալի թիմն աշխատել է նկուղային պայմաններում, մայրը, որ էներգիայով լեցուն, կենսուրախ կին էր, կոտրվել էր, այդ ժամանակ հաճախ էր ուշաթափվում, թուլանում։ Ավելի ուշ Աիդա Սիմոնյանի մոտ առաջ եկավ թոքաբորբ, որն ուղեկցվեց Covid-19-ով.
«Մայրս կյանքի հարվածներին չդիմացավ։ Իսկական ապրելու, զավակների ու թոռների սերն ու ջերմությունը վայելելու տարիքում, գնաց պապայի մոտ»... 

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները չշրջանցեցին նաև Սիմոնյանների ընտանիքին։ Սիրվարդն իր 2 որդիների հետ Երևանում էր, շրջափակման պատճառով ընտանիքը մնացել էր բարիկադի մյուս կողմում։ Սեպտեմբերի 19-ի պատերազմի լուրն առնելով, Սիրվարդն անընդհատ զանգել է եղբայրներին։ 

«Չգիտեմ ինչու, առաջինը Վիտոյին զանգեցի, քիչ խոսեցինք, ընդհատվում էր կապը։ Ասացի ուշադիր կլինես, մեզ չդավավճանես, կգաս։ Ինքն էլ խնդրեց, որ իր կնոջն ու երեխաներին փոխանցեմ, որ իջնեն մորաքրոջս տնից զանգեն, ասաց՝ «կարող ա վերջին խոսելս լինի, կռիվ ա, չգիտեմ ինչ կլինի», էդպես էլ չխոսեց երեխաների հետ, կապվել նրա հետ հնարավոր չէր։ Հետո Վարդանի հետ խոսեցի, պարզվեց, որ Վարդանն էլ Վիտոյին էր զանգել, նույնը ասել՝ «քո տեղն ավելի վատ ա, զգույշ կլինես, սա կռիվ չի,  կոտորածա»,- հիշում է Սիրվարդը։

Եղբոր զոհվելու լուրն առել է մեկ օր անց, երբ զանգն անպատասխան է մնացել։ Հետո զինակից ընկերներից իմացել է ամենավատը․ Վիտալին զոհվել է Չարեքտարի դիրքերում՝ հայրենիքը պաշտպանելիս։ Վիտալի Սիմոնյանի մարտական ընկերները պատմում են, որ կռվի ամենաթեժ պահին իր տեսակով բոլորին ուժ էր տալիս։ Կռվեց լեռնեցուն հատուկ ոգով, անմահացավ թշնամու անօդաչու սարքի հարվածից՝ հերոսի մահով։

Հուղարկավորմանը ո՛չ հարազատ քույրը կարողացավ մասնակցել, ո՛չ եղբայրը։ Սիրվարդը Երևանում էր, Վարդանը՝ Մարտակերտում, շրջափակման մեջ։ 

Ինչպես հայրը՝ Բորիս Սիմոնյանը, Վիտալին ևս 3 զավակ ու մի ամբողջ ընտանիքի հոգս թողեց կնոջ՝ Լիանայի ուսերին։ Ընտանիքի ցանկությունը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրից Վիտալիի արտաշիրիմումն է։

Հունան Թադևոսյան