Սպասելիքներ պետք չէ ունենալ «3+3» ձևաչափից 

Սպասելիքներ պետք չէ ունենալ «3+3» ձևաչափից 

Այսօր Թեհրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափի, բայց առանց Վրաստանի, արտգործնախարարների մակարդակով հանդիպումն է անցկացվել։ 

Քանի որ վերջին շրջանում այս ձևաչափի գործարկման մասին  շատ է խոսվել, այդ թվում նաև Հայաստանի շահերի կոնտեքստում, հանդիպումը քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է:

Ի՞նչ արդյունք կտա այդ հանդիպումը Հայաստանի համար. հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Ընդհանրապես սպասելիքներ պետք չէ ունենալ և մտածել ամեն հանդիպումից հետո, թե ինչ տվեց, ինչ չտվեց դա մեզ։ «3+3» ձևաչափին պետք է մոտենալ որպես գործընթաց, որը կարող է խնդիրներ լուծել»,- ասաց նա:

Դանիելյանի խոսքով՝ Հարավային Կովկասը տարածք է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև։ 

«Բնականաբար, եթե այս երեք երկրները համաձայնության են գալիս, ապա Հարավային Կովկասում կարող են ինչ-որ խնդիրներ լուծվել։ Մյուս կողմերը՝ այս դեպքում Հայաստանը և Ադրբեջանը, նման ազդեցություն, շահեր և հնարավորություններ չունեն»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի, Կովկասում բալանսը խախտվել է և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դերը շատ է մեծացել, ինչը վտանգ է հանդիսանում առաջինը Իրանի համար։ Իրանը, մտնելով «3+3» ձևաչափ, կարևոր դերակատարություն է ցուցաբերում և համեմատելով Հայաստանի ու Իրանի շահերը՝ Իրանի մասնակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ համար։

«Այդ ձևաչափում կքննարկվեն կոմունիկացիոն խնդիրները, որոնք տարբեր են և փոխկապակցված են։ Դա Իրանի հետ Ռուսաստանի կապն է Ադրբեջանով, դա Նախիջևանի և Թուրքիայի կապն է Իրանի միջոցով և նաև Սյունիքով կապը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև, Հայաստանի  Վրաստանով Սև ծովի միջև։ Պետք է այդ ձևաչափում լուծումներ գտնել բոլոր այդ ճանապարհների հանրագումարով և գալ ինչ-որ համաձայնության։ Հայաստանը պետք է լինի ինքնուրույն երկիր և կարողանա ճիշտ ներկայացնի իր շահերը այդ ձևաչափում։ Դրա համար պետք է ճիշտ և գրագետ դիվանագիտություն օգտագործվի, ինչը հիմա չկա»,- եզրափակեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Կովկասում գործընթացները կարող են լուծվել տարածաշրջանի տեղական դերակատարների և հարևանների մասնակցությամբ` ընդգծելով, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է։

Մարիաննա Արամյան