Ինչո՞ւ է թիրախավորվում Բագրատ Սրբազանը

Երեկ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Այն ամբողջովին դուրս կմնար հասարակության ուշադրությունից, եթե ՔՊ պատգամավորներն, իրար փոխլրացնելով, չթիրախավորեին Բագրատ Սրբազանին ու նրա գլխավորած շարժումը:
Այս նողկալի գործընթացի «առաջատարությունը» դարձյալ ստանձնեց Ալեն Սիմոնյանը:
Թեև Հայ Առաքելական եկեղեցին ինստիտուցիոնալ առումով մասնակից չէ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը, Ալեն Սիմոնյանը երեկ հարկային քաղաքականությամբ սպառնացել է Եկեղեցուն:
Ողբերգություն է, որ պետության երկրորդ պաշտոնյան չգիտի անգամ, որ Եկեղեցին հարկվում է: Բայց նույնիսկ դա չէ խնդիրը:
Մի՞թե իշխանությունները չեն գիտակցում, որ ինչքան թիրախավորում են Բագրատ Սրբազանին, այնքան ուժեղացնում են շարժումը: Ավելին, խնդիրը Սրբազանը կամ ընդդիմադիր որևէ հարթակ չէ. հասարակության մեծամասնությունը դժգոհ է այս իշխանության քաղաքականությունից ու վստահ գտնելու է իր դժգոհություններն արտահայտող տրանսլյատորին:
Իսկ գուցե իշխանությունն այլ տարբերակ չունի և ստիպված է գնում այս քայլին՝ ընդդիմադիր տրամադրությունների զարգացումը կանխելու նպատակով: Եթե այս վարկածը համարենք արժանահավատ, ապա իշխանության խոսքին պետք է հետևեն ռեպրեսիաները, որոնք, սակայն, չեն կարող երաշխավորել Փաշինյանի և նրա թիմի հաղթանակը և ավելի շատ նման են քաղաքական ինքնաոչնչացման:
Ինչևէ, հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Վահրամ Բագրատյան