Մալաթիայի թնջուկը կամ ինչո՞ւ են մարդիկ Նիկոլի գովքն անում

Մալաթիայի թնջուկը կամ ինչո՞ւ են մարդիկ Նիկոլի գովքն անում

Երևանի «Մալաթիա» տոնավաճառը կանգնած է փակման եզրին, ինչը նշանակում է, որ 600 մարդ դառնալու է գործազուրկ, ընդհանուր առմամբ շուրջ 5000-ը զրկվելու է եկամտի աղբյուրից։ 

Մի կողմ թողնենք տոնավաճառի փակման պաշտոնական վարկածը։ Ցավոք, բազմիցս ենք ականատես եղել, որ երբ որևէ կառույց փակվել է՝ ինչ-ինչ արձանագրությունների հիման վրա, հետագայում, սակայն, այն պարզապես իրացվել է որևէ անհատի կողմից կամ հռչակվել գերակա շահ ու վերջնաարդյունքում ծառայել մեկ կամ մի խումբ անձանց շահերին։

Այժմ անդրադառնանք այն մարդկանց, որոնք իրավամբ բողոքում են իրենց իրավունքների պաշտպանության համար։ 
Թվում էր՝ ցանկացած իշխանություն, որը զրկում է մարդկանց եկամտի աղբյուրից, պետք է արժանանար նրանց դժգոհությանը, հիասթափությանն ու քննադատությանը։ Իրականում գուցե այդպես էլ կա, սակայն տեսախցիկների առջև այդ մարդիկ դրսևորում են միանգամայն այլ վարքագիծ։ Գրեթե բոլորի խոսքում կարմիր գծի նման անցնում է «մեր սիրելի վարչապետ», «ապագա կա» ու նմանատիպ այլ եզրույթներ։ Սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ հենց այդպես էլ մտածում են։

Բայց նրանց «կեղծելու» մեջ մեղադրելը նույնպես սխալ է։ Ցավոք, այս իշխանությունների վարած քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը հանգեցրել է նրան, որ հասարակությանը փորձ է արվել ներշնչել այն միտքը, որ կա՛մ Նիկոլի հետ եք, կա՛մ նրա դեմ՝ բոլոր հնարավոր հետևանքներով։ Եթե Նիկոլի հետ եք, գուցե ձեր հարցին ինչ- որ չափով լուծում տալու փորձ արվի։ Գուցե։ Սակայն դեմ լինելու դեպքում հաստատապես մնալու եք առանց որևէ հույսի ու «դրական» լուծման սպասելիքների։

Նման քաղաքականությունը միանշանակ սնանկ է ու անհեռանկար, այն ունենալու է խիստ կարճատև էֆեկտ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվություն ու ինքնասիրություն ու վայ այն իշխանությանը, որի երեխաները երթևեկում են պետության հաշվին ձեռք բերված նոր ամենագնացներով, իսկ այլոց երեխաներին զրկում են օրվա ապրուստից։ Վայ այն իշխանություններին, որոնք զրոյից բարգավաճում են, անցնելով բարեկեցիկ կյանքի, իսկ նախկինում սեփական աշխատանքով բարեկեցիկ կյանքով ապրողին զրկում են այդ հնարավորությունից։

Այն մարդիկ, որոնք այսօր իշխանությունների մեկ արձանագրությամբ կանգնած են գործազուրկ դառնալու շեմին, ինչ էլ ասեն տեսախցիկների առջև, որքան էլ հրապարակավ «վախենան» իշխանություններին քննադատելուց, այն հույսով, որ գուցե «թագավորը» մի քիչ էլ «հասարակ» ժողովրդի մասին մտածի, միևնույն է, վաղը քվեախցիկում մնալու են իրենց խղճի առջև դեմ առ դեմ։ Հույս ունենք, ավելի վստահ ենք, որ խիղճը հաղթող դուրս կգա։ Վերջապես այս կյանքում ամեն մարդ հնձում է այն, ինչ ցանում է։

Վահրամ Բագրատյան