Հուսով եմ` Հայաստանը երբեք չի դառնա Ուկրաինա․ հայացք Ռուսաստանից

Հուսով եմ` Հայաստանը երբեք չի դառնա Ուկրաինա․ հայացք Ռուսաստանից

Երեկ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, հերթական անգամ մեղադրել է ռուս խաղաղապահներին Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթի ֆոնին անգործության համար։

Փաշինյանը նաև քննադատեց «անվտանգության դաշնակիցներին»՝ չնշելով կոնկրետ երկրներ։ 

Նրա խոսքով, երբ 100 հազար մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան, դաշնակիցները «ոչ միայն չօգնեցին, այլեւ հրապարակային կոչեր արեցին իշխանափոխության»: 

MediaHub-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկան կոչ է անում Փաշինյանին պատասխան տալ իր գործողությունների համար, իսկ Հայաստանի ժողովրդին էլ լինել պրագմատիկ առաջնորդներին ընտրելու ժամանակ։

«Իրավիճակը շատ բարդ է, աշխարհաքաղաքական իրավիճակը Անդրկովկասում և Արևելյան Եվրոպայում շատ է փոխվում։ Եթե խոսում ենք Հայաստանի հետ սոցիալ-տնտեսական կապերի և քաղաքական կապերի մասին, ապա չպետք է հայտարարություններ անել, որոնք խախտում են դաշնակցային պարտավորությունները։ Մենք հիանալի հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը աջակցություն են հայտնում Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, ապա մեղադրում ռուս խաղաղապահներին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Փաշինյանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար, որոնք բերում են այն իրավիճակին, որը հիմա ունենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սապրիկան։

Ըստ քաղաքագետի, աշխարհաքաղաքական անկայունությունը կշարունակվի և հնարավոր է հակամարտության հետագա սրացում։ Նա հիշեցրեց, որ վերջերս սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել՝ Ադրբեջանի բնակչության 75%-ը պատրաստ է հակամարտության հետագա սրմանը։ Սապրիկան նշեց՝ և՛ Հայաստանի իշխանությունը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Հայաստանի քաղաքացիները պետք է նայեն ապագային, որը պետք է լինի խաղաղ, պետք է հաշվի առնվի այս պահին առկա իրավիճակը և շատ հավասարակշռված բնութագրում տրվի այս կամ այն իրադարձությանը։

«Գլխավորը՝ խուճապի չմատնվելն է: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը երկար տարիներ դաշնակիցներ են, և մենք ամեն դեպքում լավ հարաբերություններ ենք պահպանելու։ Հայաստանի ժողովուրդը պետք է պրագմատիկ լինի, երբ առաջնորդներին է ընտրում, քանի որ Հայաստանում տեղի ունեցող ընտրություններն ուղղակիորեն հետագա արտաքին քաղաքական կողմնորոշում են տալիս պետությանը և ներքին քաղաքականությանը»,- շեշտեց նա:

Իրադարձությունները շատ արագ են փոխվում, շարունակեց Սապրիկան, բայց պետք է հավատալ նաև, որ, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունում կան հնարավորություններ, որոնք ապահովում են ՀՀ տնտեսական աճ.

«Մենք տեսնում ենք Հայաստանի տնտեսության հսկայական աճ, և տեսնում ենք, թե ինչպես է զարգանում մեր երկկողմ միությունը։ Ես ապրում եմ սահմանամերձ շրջանում, այստեղ շփման գիծը տեսանելի է, և հուսով եմ, որ Հայաստանը երբեք չի դառնա Ուկրաինա։ Եվ հուսով եմ, որ մեր երկրների միջև առկա հակասությունները երբեք չեն դառնա մեր հետագա հարաբերությունների հիմքը, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը, նախևառաջ, գործընկեր է առևտրի ոլորտում և ուղենիշ է ապագա աշխարհակարգում, որը կլինի բազմաբևեռ՝ ցույց տալով, որ յուրաքանչյուր երկիր ունի լավ ապագա և լավ հարևանություն»,- եզրափակեց Սապրիկան։

Մարիաննա Արամյան