Ադրբեջանցիները նկատել ու կրակել են տղաներին․ փրկվելու համար 3 ընկերներով մտել են Թարթառ գետը

Ադրբեջանցիները նկատել ու կրակել են տղաներին․ փրկվելու համար 3 ընկերներով մտել են Թարթառ գետը

Դաթո Ծատրյանը Ստեփանակերտից է։ Ծառայում էր պաշտպանության բանակում։ 

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որոշել է ծառայել պայմանագրային հիմունքներով, գիտակցելով, որ եթե թշնամին անգամ Հայաստանի դեմ է լայնածավալ հարձակում իրականացրել, ապա Արցախին ուժեղ, պատրաստ տղերք են պետք։

Դաթոն ծառայությունն իրականացնում էր Արցախի՝ Չարեքտար-Նարեշտար հատվածում։

Հրադադարի հաճախակի խախտումներն ու վերջին օրերի լարվածությունը հուշում էր, որ պատերազմը չի ուշանա։ 

Քույրը՝ Աքսանան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը տանն էր, երբ սեպտեմբերի 15-ի առավոտյան համար 1 հրամանով բարձրացել է դիրքեր։ 

«Ինքը, չնայած իր տարիքին, շատ բան էր հասկանում ռազմական գործից, հաճախ էր ասում՝ շուտով պատերազմ է լինելու, պիտի պատրաստ լինենք։ Երբ սեպտեմբերի 19-ին հնչեց օդային տագնապը ու կրակոցներ լսվեցին, մենք քույրերով միայն եղբորս մասին էինք մտածում։ Սիրտս մի տեսակ ծանրացել էր, վատ բան էի կանխազգում։ Չեմ հիշում քանի անգամ եմ զանգել, նույն դիրքից քանի հոգու համար եմ գտել, բայց բոլորն անհասանելի էին»,- պատմում է մեր զրուցակիցը։

Քույրը պատմում է, որ Չարեքտարից լսվող լուրերն այդ օրերին հուսադրող չէին, «ասում էին՝ «ադրբեջանցիները մտել են դիրք, բոլորին գլխատել, խոշտանգել»։ Որ լուրի իսկությունը ո՛չ հերքվում էր, ո՛չ հաստատվում, ավելի թևաթափ էի լինում»։ 

Այդպես 3 օր Դաթոյի մասին որևէ լուր չի եղել։ Իսկ Աքսանան քրոջ՝ Քրիստինայի հետ ձեռքերը ծալած չեն նստել. «Օրը մի անգամ ոտքով հոսպիտալից գնում էինք հիվանդանոցներ, հետո գալիս դիահերձարան։ Դժվար է հիմա պատմել այդ մասին, որովհետև քիչ էր մնում մենք մեռնեինք։ Հիվանդասենյակներում վիրավորներին տեսնելիս, քաղաքացիական անձանց ու հրթիռակոծության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած երեխաներին տեսնելիս ուզում էի բարձր գոռայի, վախենում էի»։ 

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Դաթոն վերադառնում է, բայց քույրն ասում է, որ այնպիսի վիճակում էր, որ նույնիսկ չէր խոսում ոչ մեկի հետ։

«Հավանաբար տեսել է իրական դժոխքը։ Մինչ այսօր էլ շատ քիչ է խոսում։ Երբ կազդուրվել է, պատմել է, որ օդային հարվածներով իրական կոտորած է եղել իրենց ուղղությամբ։ Մերոնք էլ լավ ջարդ են տվել։ Բայց երբ վերջացել է զինամթերքը, իսկ ադրբեջանցիներն առաջ են եկել ու գրավել դիրքերը, իրավիճակը սրվել է։ Դաթոն ու ևս 2 զինակից ընկեր փրկվելու համար անտառներով, դաշտերով հասել են մինչև Թարթառ գետի ափամերձ տարածք։ Երբ ադրբեջանցիները նկատել են, իրենց ուղղությամբ կրակահերթ են արձակել։ Տղաները պառկել են մի փոսում, հետո լսել են, որ նրանք «Ղարաբաղը Ադրբեջան է» գոռալով գալիս են իրենց ուղղությամբ»,- ասում է Աքսանան ու նշում, որ այդ ժամանակ եղբայրն ու ընկերները մտածել են, որ սա արդեն վերջն է, ու իրենց կա՛մ կսպանեն, կա՛մ գերի կտանեն։

Բարեբախտաբար, թշնամական մեծաթիվ զորքը չի նկատել հայ զինծառայողներին։

Վերջիններս փրկվելու համար նետվել են Թարթառ գետ։ Լողալով, տեղ-տեղ ջուրը քշելով՝ անցել են մյուս ափ, այդտեղից անտառային ճանապարհով հասել Վանք գյուղ։ 

«Ովքեր դեռ գյուղում են եղել, կրակ են վառել, տղաներին հաց տվել, Աստված պահի էդ մարդկանց։ Երբ հասել են Ստեփանակերտ, վրան գույն չի եղել»,- ասում է Աքսանան։ 

Ընտանիքն այժմ Հայաստանում է։ Դաթոն դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, շարունակում է բուժումներ ստանալ տեղի հիվանդանոցներից մեկում։ Իսկ ընտանիքն ամեն օր Աստծուն փառք է տալիս, որ խնայել է տղաներին, փրկել ևս 3 երիտասարդ կյանք։

Հունան Թադևոսյան