Փաշինյանի ուրացումը

«Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,- երեկ բյուջետային քննարկումների ժամանակ խորհրդարանական ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Անցած վեց տարիների ընթացքում սա Փաշինյանի ամենազազրելի հայտարարություններից մեկն էր, որով նա կասկածի տակ դրեց Երրորդ հանրապետության իրավա-քաղաքական հիմքերը:
Պատկերացնո՞ւմ եք նման բան Կոնգրեսում հայտարարեր ԱՄՆ որևէ նախագահ:
Նրան անմիջապես կկալանավորեին, Կոնգրեսը կսկսեր նախագահի իմպիչմենթի գործընթաց:
Այդպես պիտի լիներ նաև Հայաստանում, եթե մենք իրավական, դեմոկրատական երկիր լինեինք:
Սակայն, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը դեռ շարունակում է պաշտոնավարել, չի կալանավորվել, անգամ հասցրել է սափրվել:
Իսկ դա նշանակում է՝ խորհրդարանն առնվազն «կանաչ լույս» է վառել, որ Փաշինյանը շարունակի թիրախավորել Երրորդ Հանրապետությունը, նրա հիմքերը, Հռչակագիրը:
Ու առհասարակ՝ Փաշինյանի երեկվա ելույթը հայ- ադրբեջանական բանակցությունների մասին էր, եթե անգամ նա ոչինչ չասեց դրանց մասին:
Փաշինյանը փորձում է Ալիևի պահանջները ներկայացնել՝ որպես սեփական դիրքորոշում, պատկերացում:
Դա անում է շատ անշնորհք ձևով՝ բացահայտելով, որ Հայաստանը ադրբեջանական ենթապետություն դառնալու ճանապարհին է:
Սուրեն Սուրենյանց