Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցն ու Արցախի ներկայիս վիճակը

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Երկրորդ հեռախոսազրույցի փաստը հաստատվել է նաև պաշտոնական Երևանի կողմից։
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ այդ հեռախոսազրույցները գործնականում չեն փոխել Արցախում ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը։
Ասվածի անուղղակի ապացույց է նաև Հայաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարությունը, որի մի հատվածում բարձրացվում է ռուսական խաղաղապահների պատասխանատվության հարցը։ «Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի: Ակնկալում ենք նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության տեքստում:
Բացի այդ, Արցախի անվտանգության խորհուրդը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով ավելացնել խաղաղապահների քանակը, ինչպես նաև` ապահովել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։
Բուն Արցախում ոչ միայն գազամատակարարումը վերականգնված չէ, այլ շարունակվում են ադրբեջանական սադրանքները։ Քարագլուխ կոչվող բարձունքի վրա կողմերից ոչ մեկ լիարժեք վերահսկողություն չունի։
Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Այս պահին դժվար է կանխատեսել՝ ինչ զարգացում կունենան գործընթացները, առայժմ ճգնաժամի հաղթահարման որևէ տարբերակ չի նշմարվում։
Վահրամ Բագրատյան