«Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին». հիշեցում ցածր ինտելեկտի տեր մարդկանց

Վերջնականապես պետք է փաստել, որ Հայաստանում այլևս չի գործում ո՛չ իրավական համակարգը, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական պատասխանատվությունը։ Առ այս պահը Նոր Նորքի թաղապետը պաշտոնանկ արված չէ ու նրա հետ կապված հետագա գործողություններն արդեն դառնում են անիմաստ։ Եթե նույնիսկ նա վաղը պաշտոնանկ արվի, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ նրա հեռացումը տեղի է ունեցել ոչ թե պաշտոնյային ոչ վայել պահվածքի պատճառով, այլ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։
Նոր Նորքի թաղապետը ո՛չ իր զբաղեցրած պաշտոնի նշանակությամբ, ո՛չ իր կշռով այն անձը չէ, որ Նիկոլ Փաշինյանը 5 րոպեից ավելի մտածեր նրա մասին։ Այժմ քննարկման օրակարգում երկու հարց է։ Առաջինը՝ տվյալ թաղապետին պաշտոնանկ անելը կհանգեցնի՞ Երևան քաղաքում իշխանական կոալիցիայի փլուզմանը, թե՝ ոչ, հատկապես, որ «Հանրապետություն» կուսակցությունից հնչել են իրարամերժ մոտեցումներ։ Եվ երկրորդը՝ ինչքանով դա կանդրադառնա 2026 թվականի ընտրություններում համագործակցության վրա։
ՔՊ-ն ներկայումս կանգնած է մի կողմից դեմքը փրկելու, մյուս կողմից քաղաքականապես չտուժելու գլուխկոտրուկի առջև ու նշենք, որ նա արդեն բաց է թողել որոշում կայացնելու ողջամիտ ժամկետը։
Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա նրա գործողություններն ունեն նաև հոգեբանական շարժառիթ։
Մի կողմ թողնենք Նոր Նորքի թաղապետարանում ՀՀ ինքնիշխանության ու պետականության դեմ Ռուսաստանի կողմից հարձակման փորձ կատարելու ապուշաբանությունը։ Նման արդարացումը, ինչպես նաև վայրենաբար մարդ ծեծելը խոսում է ցածր ինտելեկտի մասին։ Նման գործելաոճի իրական պատճառները հավանաբար շատ ավելի խորն են, քանի որ ժամանակին թևավոր դարձած «մեր դեմ խաղ չկա» արտահայտության արմատները պետք է փնտրել հենց այդ շրջանակներում։
Սակայն նույն ցածր ինտելեկտի պատճառով ոմանք հավանաբար չեն լսել մեկ այլ թևավոր խոսքի մասին, այն է. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին», հատկապես, որ այդ ժամանակները վաղուց անդառնալիորեն անցել են։
Կարեն Կարապետյան