Բռնության մեխանիկան

Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը չփոխվեց․ նա կալանավորված կմնա: Մամիկոն Ասլանյանը Փաշինյանի իշխանության ամենաերկարակյաց քաղբանտարկյալն է, ով, ի դեպ, բացահայտել է այս իշխանության ամենամեծ միֆերից մեկի սնանկությունը:
Նիկոլ Փաշինյանը հարյուր անգամ «ձեռքը կտրել» է՝ երդվելով, որ Հայաստանում կեղծված ընտրությունների էջը փակված է: Կատարյալ կեղծիք է, որովհետև Մամիկոնը փաստացի ազատազրկված է հենց այն պատճառով, որ հաղթել էր 2021-ի՝ Վանաձորի ընտրություններում:
Սակայն այն, ինչ վերջին օրերին է տեղի ունենում Հայաստանում, անգամ ամենավատ կանխատեսումներում դժվար էր պատկերացնել:
Ոստիկանները ծեծում են պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ նրան հասցնելով գիտակցության կորստի: Ու միակ պատճառը, թերևս, այն է, որ նա Տավուշի դիմադրության առանցքային դերակատար է:
Երևանում բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանները բերման են ենթարկում «Հայելի» ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին ու այն բանի համար, որ նա համարձակվել է փողոցում ընդդիմանալ իշխանության քաղաքականությանը:
Ոստիկանները փողոցում կանգնեցնում են շարքային մի քաղաքացու մեքենա ու, «կասկածելով» նրա կապն իշխանության հետ, փորձում են հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Փաշինյանը գործում է բռնության մեխանիկայով՝ չգիտակցելով, որ գոյություն ունի բումերանգի օրենք:
Վահրամ Բագրատյան