Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը. ի՞նչ է լինելու հետո

Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը. ի՞նչ է լինելու հետո

Մյունխենում Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, անդրադառնալով իր պաշտոնանկության պատճառներին՝ հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արայիկ Հարությունյանը Վարդանյանին պաշտոնանկ անելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, սահմանափակվելով այս նախադասությամբ՝ «Մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

Իհարկե, Հարությունյանը չի նշել իր երկիմաստ արտահայտության հիմքերը, այնուամենայնիվ գիտակցում է, որ կադրային իր այս որոշումը չի կարող միանշանակ ընկալվել Արցախում ու դրանից դուրս ու փորձում է արդարացումներ գտնել. «Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին»:

Ի սկզբանե սխալ էր Ռուբեն Վարդանյանի նշանակումը բացատրել բացառապես արտաքին գործոններով, նրա՝ «Մոսկվայի մարդ» լինելու հանգամանքով, ճիշտ այնպես, ինչպես սխալ է նրա պաշտոնանկությունը համարել Ալիևի թելադրանք:

Մենք գիտենք, որ Արցախում ներքաղաքական հակասությունները վաղուց էին խմորվում ու նաև ակնհայտ է, որ ԼՂՀ-ն դարձել է նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական անկայուն վարքագծի պատանդը:

Մյուս կողմից, եթե Արցախի էլիտայում գերիշխող լիներ ռացիոնալ, ռազմավարական մտածողությունը, ապա գոնե այս պահին կսառեցվեին ներքաղաքական հակասությունները՝ խուսափելով այն տպավորությունից, որ Արցախի ներքաղաքական կյանքը թելադրվում է Ալիևի կողմից:

Ակնհայտ է, որ Վարդանյանի հեռանալով Արցախի պետական համակարգն ավելի կայուն չի դառնալու, իսկ Ռուբեն Վարդանյանն էլ, թերևս, ստանձնելու է Արցախի նոր ընդդիմության առաջնորդի դերը, ինչի նշաններն արդեն տեսանելի են:

Վահրամ Բագրատյան