Իշխանության «աննախադեպ» պղպջակը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը:
Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։
Ինդեքսն օգտագործում է 100 նիշանոց սանդղակ, որտեղ 100 միավոր է գնահատվում կոռուպցիայից ամբողջությամբ զերծ միջավայրը, իսկ 0-ն կոռումպացման ամենաբարձր ցուցանիշն է։
Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատվում` երկիրն անցած տարի կորցրել է 3 միավոր։
Թեև այդ անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», այդուհանդերձ, միտումը, ըստ կառույցի, արտացոլում է «զսպող և հահակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեությունում թափանցիկության, անկախ դատական համակարգում և քաղաքացական տարածքի պաշտպանության ապահովման խախտումը»։
Այսպիսով, պղպջակի պես պայթում է իշխանության քարոզչական այն թեզը, թե, իբրև, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թեև բազմաթիվ թերություններին, արդյունավետ պայքար է մղում կոռուպցիայի, այն ծնող պատճառների դեմ:
Մեր հասարակության մի մասը, ընդդիմությունը վաղուց են պնդում, թե իշխանությունների հակակոռուպցիոն հռետորաբանությունն ընդամենը PR է, իրականում՝ այս իշխանությունը որակապես գրեթե ոչնչով չի տարբերվում հին համակարգից:
Հիմա նման պնդում անում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:
Պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները և նմանատիպ այլ գործողություններն են հասարակության շրջանում կասկածներ հարուցում՝ հանգեցնելով կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջին:
Հիշեցնենք ամենաթարմ դեպքը:
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։
Մնացական Մարտիրոսյանը հին համակարգի բոլոր արատների հավաքական դեմքն է ու եթե նա արժևորվում է Փաշինյանի իշխանության կողմից, ապա մենք գործ ունենք արդեն իսկ կոռումպացված վարչախմբի հետ:
Կարելի է վստահ կանխատեսել՝ միջազգային մյուս զեկույցներն ավելի դաժան են լինելու:
Վահրամ Բագրատյան