Ընդդիմության կոնտր քայլը. առերեսում՝ խորհրդարանում

Ընդդիմության կոնտր քայլը. առերեսում՝ խորհրդարանում

Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու:

Իշխանությունն ու ընդդիմությունը բախվելու են, ընդ որում՝ երկուսի օրակարգերն էլ հստակ են ու, թերևս, շատ բան կախված է այն հանգամանքից, թե կողմերից ով ավելի լավ հանրությանը կմատուցի իր ասելիքը:

Իշխանությունը փետրվարի 7-ին մտադիր է անձեռնմխելիությունից զրկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին ու Արմեն Չարչյանին:

Ընդ որում, այստեղ խնդիրն ամենևին էլ իրավական հարթության վրա չէ: Շատ հնարավոր է՝ բանը Օհանյանի կամ Չարչյանի կալանավորմանն առհասարակ չհասնի: Իշխանության առաջին խնդիրն այն է, որ հասարակությանը ցույց տա, թե ովքեր են ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորները: Ըստ իշխանության վարկածի՝ դա, իհարկե, «նախկիններն» են, որոնք «թալանել» են երկիրը, խոշտանգել մարդկանց:

Նման տեսարաններ հասարակության մի հատվածն ակնհայտորեն սիրում է, ըստ այդմ՝ Փաշինյանը լուծում է իր իշխանության լեգիտիմության հարցը՝ ընդդիմությանն ապալեգիտիմացնելու գնով:

Խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է իր հակախաղն առաջարկել՝ նույն օրը նախաձեռնելով խորհրդարանի հրատապ նիստ:

Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաև, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը:

Ի դեպ, նման քննարկումներն, ըստ կանոնակարգի, կարող են ավարտվել Պաշտպանության նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:

Եթե իշխանության մարտավարության հաջողության հիմնական երաշխիքը ՔՊ պատգամավորների «բոցաշունչ» ելույթներն են, ապա ընդդիմությունը կարող է հաջողել միայն այն պարագայում, եթե կարողանա ապահովել հանրային կոնսոլիդացիա:

Կատարե՞լ են այս «տնային աշխատանքը» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Վահրամ Բագրատյան