Ես դիմում եմ ներկայացրել և անցել աշխատանքի․ ի՞նչ խորհուրդներ է տալու Կարեն Նազարյանը Մհեր Գրիգորյանին

Ես դիմում եմ ներկայացրել և անցել աշխատանքի․ ի՞նչ խորհուրդներ է տալու Կարեն Նազարյանը Մհեր Գրիգորյանին

Մենք այսօր գրել էինք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Կարեն Նազարյանը, որը մինչ այդ ԱԳ փոխնախարարն էր, փետրվարի 2-ից նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ 

Մինչ այդ Գրիգորյանի խորհրդականը Մանե Ադամյանն էր, որը տեղափոխվեց մասնավոր ոլորտ և հիմա, ասացին, միջազգային խորհրդատվական ընկերության հետ է համագործակցում։ 

Mediahub-ն այսօր Կարեն Նազարյանին հանդիպեց հենց կառավարությունում՝ իր նոր աշխատասենյակում, որտեղ նա նոր է տեղավորվել, և դեռ պետք է հստակեցնի իր պարտականությունների շրջանակը, և մի քանի հարց ուղղեցինք նրան դիվանագիտությունը թողնելու և գործադիր տեղափոխվելու մասին։ 

-Պարոն Նազարյան, ինչպե՞ս ստացվեց, որ նշանակվեցիք Մհեր Գրիգորյանի խորհրդական, որովհետև մինչ այդ Դուք Վատիկանում ՀՀ դեսպանն էիք, հետո հետ կանչվեցիք ու հիմա տեղափոխվել եք գործադիր։ 

-Նորմալ երևույթ է, մենք ժամանակ առ ժամանակ գործուղվում ենք կամ ԱԳՆ համակարգում այլ պաշտոն ենք զբաղեցնում, այս պահին ես աշխատում եմ փոխվարչապետի գրասենյակում՝ որպես խորհրդական։

 -Առաջարկը, հրավերը հենց Մհեր Գրիգորյանի՞ց է եղել։ 

-Չէ, իմ ցանկությամբ․ ես դիմում եմ ներկայացրել և անցել եմ աշխատանքի փոխվարչապետի գրասենյակում։ 

-Իսկ որքա՞ն ժամանակ է, որ հետ եք կանչվել Վատիկանից։ 

-Նախագահի հրամանագրով, դեկտեմբերի 18-ին։

 -Ցանկություն չկա՞ր նորից դեսպան աշխատելու, թեկուզ այլ երկրում։ 

-Այդ հարցերը ես չեմ որոշում կամ մենք չենք որոշում, դա որոշվում է ԱԳՆ համակարգում՝ նախարարների կողմից։ 

-Պարզապես, Դուք ԱԳՆ համակարգում երկար տարիների փորձ ունեք, նախկինում էլ փոխնախարար էիք։ 

-Եղել եմ, այո, և հուսամ, որ այդ փորձը կարող եմ կիրառել նաև այստեղ։ 

-Ինչպե՞ս եք կիրառելու, որովհետև մեր արտաքին քաղաքականության դոկտրինը կամ մոտեցումները արմատապես փոխվել են, Ձեզ համար դիսկոմֆորտ չի՞ լինի այդ առումով։ 

-Գիտեք, մենք մեր աշխատանքում առաջնորդվում ենք համապատասխան ցուցումներով, քաղաքականությամբ և ռազմավարությամբ։ Որևէ խնդիր էստեղ չեմ տեսնում։ 

-Արտաքին քաղաքականության մասով Ձեզ համար ընդունելի՞ է այն գիծը, որ հիմա տարվում է։ 

-Ես չեմ կարող գնահատականներ տալ՝ ինչն է ընդունելի, ինչն է անընդունելի։ Մենք հանրային ծառայողներ ենք, քաղաքացիական ծառայողներ ենք, նաև դիվանագիտական ծառայության մեջ ենք գտնվում, և մեզ համար հիմք են հանդիսանում բոլոր այն ռազմավարությունները, քաղաքականությունը, որ մշակում է ՀՀ կառավարությունը։

 -Ո՞ր ոլորտում եք խորհրդատվություն մատուցելու փոխվարչապետին։ 

-Այս պահին դեռ շարունակվում են քննարկումները, հավանաբար միջգերատեսչական համակարգման խնդիրների շուրջ քննարկումներն ընթանում են, և խոսքը Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների մասին է։

 -Այսինքն էլի ավելի շատ եվրոպական ուղղությամբ, որով որ նախկինում հմտացել եք։ 

-Նախկինում ունեցել եմ փորձ, այո, հուսամ՝ դա կարող եմ կիրառել նաև այստեղ։ 

-Բայց որքանով հետևում ենք Մհեր Գրիգորյանի գործունեությանը, նա ավելի շատ ԵԱՏՄ, ԱՊՀ երկրների շրջանակներում է իր գործունեությունը ծավալում։ 

-Պարոն Գրիգորյանը նաև նախագահում է միջգերատեսչական խորհուրդը, որը կոչված է կյանքի կոչելու համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև։ 

-Իսկ խաղաղության պայմանագրի շուրջ որևէ անելիք ունե՞ք Դուք։ 

-Ես այդ մասով ներգրավված չեմ և տեղեկացված չեմ։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան