Եթե Թեհրանը մտնի հակամարտության մեջ, դա վատ կլինի և՛ Իրանի, և՛ Իսրայելի համար. հայացք Իսրայելից

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա պատերազմի պատճառ դարձավ, որը կարող է ազդել ոչ միայն Գազայի հատվածի վրա: Սկսված բռնությունների հորձանուտը նոր մասնակիցներ է ներքաշում՝ «Հեզբոլլահ» խմբավորումն արդեն մասնակից է այս հակամարտության և, ըստ երևույթի, Իրանը նույնպես մտադիր չէ ուղղակի դիտորդի կարգավիճակում մնալ: Այս թեմաների շուրջ MediaHub-ը զրուցեց իսրայելցի քաղաքական գործիչ Ալեքսանդր Ցինկերի հետ:
«Կան առճակատման մի քանի մակարդակ. մեկը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ն են և, հնարավոր է, մոտ օրերս սկսվի ցամաքային գործողություն ու Իսրայելի բանակը կմտնի Գազայի հատված։ Հյուսիսում հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահի» (իրանամետ կազմակերպություն) և իսրայելական բանակի միջև։ Եթե ամբողջը մնա այս մակարդակին, ապա բնականաբար և՛ «Հեզբոլլահը», և՛ Իրանը չեն միջամտի»,- ասաց Ցինկերը:
Ըստ քաղաքական գործչի, մյուս կողմից, «Հեզբոլլահը» պետք է համերաշխություն ցույց տա արաբական աշխարհին, որ նրանք աջակցում են ՀԱՄԱՍ-ին: Իսրայելի ափերին արդեն մոտեցել են ԱՄՆ ավիակիրները նավերի ուղեկցությամբ: ԱՄՆ-ը մի քանի անգամ զգուշացրել է «Հեզբոլլահին» և Իրանին չմիջամտել հակամարտությանը, հակառակ դեպքում ինքը կարող է սկսել չեզոքացնել տարածքները։
«Եթե Իրանը ուղիղ առճակատման մեջ մտնի Իսրայելի հետ, դա վատ կլինի և՛ Իրանի, և՛ Իսրայելի համար։ Եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Իսրայելի կողքին լինեն, ապա սա կարող է լինել շատ ուժեղ առճակատում։ Չնայած նրան, որ Իրանի իշխանությունները կրոնական մոլեռանդ են, ես կարծում եմ, որ պարսիկ ժողովուրդը դա չի անի։ Բայց եթե Իսրայելից, Իրանից և ԱՄՆ-ից բացի որևէ երկիր մտնի, ապա կարող է տարածաշրջանային պատերազմ սկսվել Մեծ Մերձավոր Արևելքում»,- շեշտեց Ցինկերը։
Ըստ նրա, իսրայելական բանակի համար կա երեք նպատակ։ Առաջինը՝ առևանգվածներին ազատ արձակում, երկրորդը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, և երրորդը՝ որոշել, թե ինչպես է Գազայի հատվածը գոյություն ունենալու ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո:
Մարիաննա Արամյան