Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը 

Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը 

Տավուշում իրապես ձևավորվել է արժանապատիվ դիմադրության օջախ, որի հավաքական կերպարը դարձել է Բագրատ Սրբազանը:

Ինքնին հասկանալի է, որ դիմադրության այդ օջախը կապիտալիզացիայի անհրաժեշտություն ունի, սակայն դա չի կարող տեղի ունենալ Տավուշում. այդ առաքելությունը պետք է ստանձնեն ընդդիմադիր գործիչները՝ Երևանում:

Բնականաբար, ամենամեծ առաքելությունը դրված է ընդդիմադիր խմբակցությունների վրա: Նրանք կանգնած են լուրջ երկընտրանքի առջև:

Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կխիզախի գնալ վարչապետին անվստահություն հայտնելու ճանապարհով: Սա ենթադրում է համախմբում վարչապետի թեկնածուի, կոնկրետ քաղաքական ծրագրի և «ճանապարհային քարտեզի» շուրջ, ինչը ենթադրում է ահռելի աշխատանք թե՛ խորհրդարանում և թե՛ նրա պատերից դուրս:

Մյուս ճանապարհը խորհրդարանական մանդատներից հրաժարումն է, որը հանգեցնելու է քաղաքական, խորհրդարանական ճգնաժամի՝ արտահերթ ընտրությունների անխուսափելիությամբ:

Սրանք են այն երկու ճանապարհները, որը թույլ կտա խորհրդարանական ընդդիմությանը դառնալ հանրային տրամադրությունների տրանսլյատոր:

Հակառակ պարագայում՝ երկիրը կանգնելու է ընդդիմադիր նոր լիդերության ձևավորման անհրաժեշտության առջև, ինչը շատ ավելի բարդ ու տևական գործընթաց է:

Այնուամենայնիվ, ընդդիմադիր ճամբարը կանգնած է լուրջ տրանսֆորմացիաների շեմին:

Վահրամ Բագրատյան