Փաշինյանի «բլեֆների» կործանումը

Փաշինյանի «բլեֆների» կործանումը

Մենք վարչապետ չենք, եթե վարչապետ եմ, կարո՞ղ եմ գնալ Փաշինյանի աթոռին նստել․ երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացու կարծիքն է։

Այս մարդը երեկ է հասկացել կամ առնվազն բարձրաձայնում, որ Նիկոլ Փաշինյանի «երեք միլիոն վարչապետի» թեզը կեղծ է։ Հասկացել է, որովհետև իր համայնքի մակարդակով գիտակցել է, որ անարդարություն է տեղի ունենում։ Մարդը, որ նույնիսկ սեփական համայնքապետ ընտրել չի կարողանում՝ հասկանում է, որ երկրում հարգված չեն նույնիսկ իր քաղաքացիական իրավունքները, էլ ուր մնաց՝ ինքը վարչապետ լինի ու Փաշինյանին հավասար կամ նրա հետ միասին իրականացնի երկրի կառավարում։

Մեր հասարակության պրոբլեմներից մեկն է, որ իշխանության թեզերի սնանկության մեջ համոզվում է, երբ փորձանքը կամ անարդարությունը ծեծում է կոնկրետ մարդու դուռը։

Նույնիսկ մահաբեր պատերազմի ընթացքում շատ մարդիկ՝ առանց հիմքի ու փաստական տվյալների, հավատում էին «հաղթել ենք» պսևդո կարգախոսին, քանի դեռ պատերազմը չէր բախում նրանցից յուրաքանչյուրի, մերձավորի, հարևանի դուռը։

Իհարկե, սրանից իշխանության ճգնաժամը չի վերանում։

Հասարակության շատ խմբեր արդեն բախվել են Փաշինյանի թեզերի «կենսունակությանը»։ Առայժմ ականատես ենք լինում լոկալ բողոքների․ ոմանք պահանջում են արդարություն իրենց համայնքներում, մյուսները հույս ունեն, որ ցույցերով կվերականգնեն իրնեց սոցիալական կամ աշխատանքային իրավունքները։

Լոկալ բողոքները բախվում են կառավարության անտարբերությանը ու մոտ ապագայում անխուսափելիորեն տրանսֆորմացվելու են քաղաքական գործընթացի, երբ հազարավոր մարդիկ կգիտակցեն, որ իրենց պրոբլեմները ոչ թե կտրված են համատեքստից, այլ ընդամենը գլոբալ անարդյունավետ կառավարման հետևանք են։ Այդժամ մարդիկ կհավաքվեն ոչ թե Փաշինյանից արդարություն ակնկալելու, այլ նրա հրաժարականը պահանջելու օրակարգով։

Վահրամ Բագրատան