«Դեղին քարտ» Բաքվին՝ Մոսկվայից․ հակասական լուրեր՝ Արցախից

«Դեղին քարտ» Բաքվին՝ Մոսկվայից․ հակասական լուրեր՝ Արցախից

ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Արցախում։  Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն մարտի 26-ին ինֆորմացիոն տեղեկագիր է հրապարակել՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ, որում ընդգծվել է. «Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։ Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը»,- նշված է ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մասին տեղեկագրում:

Այսպիսով՝ Ռուսաստանի ՊՆ-ն հաստակ արձանագրում է չորս հանգամանք՝ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, միավորը ի հեճուկս Ադրբեջանի ջանքերի, ԼՂ- Ադրբեջան շփման գծի առկայությունը, ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտին, ադրբեջանական ագրեսիայի, սադրանքի(Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու) փաստը։ Հարկ է արձանագրել, որ գրեթե նույնական հայտարարություններով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Բաքվին, ըստ ամենայնի, անչափ ցավացրել է Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ «ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և ռազմավարական փոխգործակցության Հռչակագրին»։Բաքվի կողմից փետրվարի 22-ի Հռչակագրի հիշատակումը պատահական չէ։ Ադրբեջանն ակնարկում է, որ եթե Մոսկվան «ըմբռնմամբ» չմոտենա իր քայլերին, ինքն էլ ոչ դաշնակցային կեցվածք կորդեգրի։Երեկ արդեն հակասական լուրերի պակաս չկար։

Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից․ արդեն երեկ հայտնել է ՌԴ ՊՆ-ն։  Ամբողջ խնդիրն այն է, որ այս լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Երևանի կամ Ստեփանակերտի կողմից։ Ոչ պաշտոնապես շրջանառվում են տարբեր լուրեր, որ՝ օրինակ, ադրբեջանցիները լքել են Փառուխը, բայց մնում են Քարագլուխ բարձունքի վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առհասարակ հերքել է ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը հայտարարելով, որ զորքերը դուրս չի բերել Փառուխից։  Հուսանք, որ օրվա ընթացքում իրավիճակը կհստակեցվի՝ լույս սփռելով իրականության վրա։

 

Վահրամ Բագրատյան