2 ամսից երեխան կծնվի, իսկ նրա մասին 70 օր տեղեկություն չկա

Լուսանկարի տղաները՝ Բորիս Հովսեփյանն ու Ռաֆայել Գաբրիելյանը, եղբայրներ են։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ, նրանք Մարտակերտում էին։
Մարտակերտցի երիտասարդների հետ միանգամից կամավորագրվել են, որ կանգնեն բանակի կողքին՝ պաշտպանելու հայրենի Մարտակերտը, փրկելու հայրենիքը։ Այդպես էր նաև 2020 թվականի պատերազմում։
Բորիսի հարազատ եղբայրը՝ Մհեր Հովսեփյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրներն այդպես էլ դիրքեր չեն բարձրացել, քանի որ պատերազմը տևել է ընդամենը մեկ օր, ու դրանով որոշվել է Արցախի ու արցախցիների դառը ճակատագիրը։
Սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհվել է Մհերի փոքր մորեղբայրը։ Ընտանիքը ծանր ապրումների մեջ է եղել։ Մի կողմից տեղահանումը, մյուս կողմից քեռու դիակը, որ մնացել է դիրքերում, և պետք է իջեցնեին։ «Սեպտեմբերի 23-ին վերջապես բացվեց Մարտակերտից Ստեփանակերտ բերող ճանապարհը։ Մենք Ստեփանակերտ եկանք ամսի 24-ին ու այդտեղից սկսեցինք քեռուս դիակի որոնումները։ Երբ դիրքերից իջեցրել ենք նրա մարմինը, արդեն հարկադրված որոշել էինք բոլորի պես բռնել գաղթի ճանապարհը»,- պատմում է մեր զրուցակիցը։
Հովսեփյանների ընտանիքը բոլորի պես նույն խնդրի առաջ էր կանգնել՝ վառելիք չկար։ «Բորիսն ու մեծ քեռուս տղան՝ Ռաֆայելը, սկսել են բենզին փնտրել Ստեփանակերտում։ Բոլոր լցակայաններում նախապես գոյացել էին հերթեր, իսկ վառելիք չկար և ոչ մի տեղ։ Կարճ ժամանակում լուրեր տարածվեցին, որ Հայկազովում բաժանում են, առանց հերթերի։ Տղերքը գնացին, ու այդպես մինչ օրս սպասում ենք»,- ասում է Մհերը։
Պայթյունի լուրն առնելով՝ Մհերն առաջիններից մեկն է եղել, որ գնացել է դեպքի վայր։ Ամբողջ գիշեր փնտրել է եղբայրներին։ Սկզբից Ռաֆայելի հեռախոսին զանգ գնացել է, բայց անպատասխան են մնացել։ Հետո այցելել է հիվանդանոցներ, դժվարությամբ է ասում, բայց նաև դիակների պահման վայրում է նայել, տեղեկություն չի գտել։ Որոնումներն այնուհետև ընտանիքը տեղափոխել է Երևան, բայց առ այսօր ոչ մի լուր։ «Մենք էլ դատաբժշկական փորձաքննության համար թեստ ենք հանձնել։ Ո՛չ Բոկայից և ո՛չ էլ Ռաֆոյից համընկնում չի եղել, իսկ մենք բոլորս սպասում ենք հրաշքի»,- ասաց՝ ափսոսալով եղբայրների երիտասարդ կյանքի համար։
Բորիսը 26 տարեկան է, ամուսնացած։ «Աղջկաս՝ Մարիամի հետ սպասում էին իրենց առաջնեկի ծնունդին։ Տղա է, 2 ու կես ամսից պիտի ծնվի։ Պատկերացրի՞ք Մարիամի վիճակը, նրա սպասումները։ Դա մի աննկարագրելի ցավ է, չգիտենք՝ ուրախանան՞ք, որ ԴՆԹ-ն չի հաստատվել, սպասե՞նք վերադարձին»,- ասաց Կարինե Մանուկյանը։
Այսօր 70 օր է Բորիսից ու Ռաֆայելից որևէ տեղեկություն ընտանիքը չունի։ MediaHub-ի տեղեկություններով սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Հունան Թադևոսյան