Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ մանրամասներ

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2 անչափահաս տղաներ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2-ն էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։
Մինչ պարեկների ժամանումը, Nissan-ի վրայից համարանիշները հանել էին, և տեղում ուժեղացված ծառայություն կատարող ավագ պարեկ Արտյոմ Զարգարյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը հայտնաբերեցին համարանիշները, որոնք տեղադրվեցին Nissan-ի վրա:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վարորդը անչափահաս տղա է եղել, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց։
Կայանված Նիվան էլ մարզերից մեկի գյուղապետի ավտոմեքենան է։