Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (05.02.2024)

1.  Վրաստանում պայթուցիկ նյութերով բեռ են ձերբակալել, որն Օդեսայից տեղափոխվում էր Վորոնեժ՝ ահաբեկչություն իրականացնելու համար. հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ Վրաստանի պետական   անվտանգության ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել Վրաստանում։ 
2.  ՌԴ–ում MI-8 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, այն ընկել է Օնեգա լճի վրա և անցել սառույցի տակ։ Անձնակազմի անդամները զոհվել են։ Հանգամանքները պարզվում են: 
3.  Կալիֆոռնիայում հզոր փոթորկի պատճառով գրեթե 700 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հարյուրավոր չվերթներ չեղարկվել են:
4.  Իտալիայում տեղի է ունենում ավանդական կառնավալը: Օրբետելոյում կառնավալը տեղի է ունենում արդեն 53-րդ անգամ։ Այս տարի եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Իտալիայում տեղի ունեցող ֆերմերների բողոքի ակցիաների հետ կապված, բոլոր, այսպես ասած, կարնավալային տրակտորների վրա կա մակագրություն՝ «Ես ֆերմերների հետ եմ»։ 
5.  Տեխասի նահանգապետն ասել է, որ իրեն հաջողվել է հազարավոր անգամ կրճատել Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների թիվը մետաղական ցանկապատերի շնորհիվ։ Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ միգրանտները փորձում են անցքեր գտնել սահմանային պատի վրա։ 
6.  Չիլիում անտառային հրդեհների զոհ է դարձել 112 մարդ: Այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառային տարածք: Փետրվարի 5-ից երկրում երկօրյա սուգ է հայտարարված։ Աղետի գոտում պարետային ժամ է սահմանվել: Վերջին տվյալներով՝ երկրով մեկ կա 40 ակտիվ հրդեհ։ Իշխանությունները նշում են, որ դա Չիլիի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհն է: