««FastBank»–ում կես օր եմ անցկացրել, հերթս հասնելու ժամանակ ասում են՝ սպասեք ևս 2 ժամ, բա հետո՞»

««FastBank»–ում կես օր եմ անցկացրել, հերթս հասնելու ժամանակ ասում են՝ սպասեք ևս 2 ժամ, բա հետո՞»

MediaHub-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից բանկերի գործունեության մասով: Այսօր մեզ ահազանգած քաղաքացին դժգոհում է «FastBank»–ի սպասարկումից։ 
Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ «FastBank»–ում կես օր են անցկացրել, իսկ իրենց այդպես էլ չէին ցանկանում սպասարկել։

«Փետրվարի 11–ին, ժամը 16:25–ին հերթի կտրոնը վերցրեցի, 18 հոգի սպասում էին հերթի մեջ, 17:45–ին, հերթը չհասնելու պատճառով, թողեցի գնացի, երեխաներին պետք է վերցնեի դպրոցից, հետ եկա 19:53–ին, մի հատ էլ հերթի կտրոն վերցրեցի, այս անգամ ինձնից առաջ 23 հոգի սպասում էր իր հերթին: Հերթս հասավ միայն 21:06–ին, իսկ ամենաուշագրավը գիտե՞ք ինչն է, հերթը հասնելու պահին մեզ ասացին, որ պետք է սպասենք ևս 2 ժամ, և ահա «FastBank»–ից դուրս եկանք 23:23–ին: Բա հետո՞,  ինչո՞ւ բանկ գնալը, գործարք կատարելը դարձել է կես օրվա գործ: Սա նորմա՞լ է, մի գործարք կատարելու համար այսքան ժամ սպասել եմ»,– նշեց նա։

Իրենց հերթին անհույս սպասել են բանկի Կոմիտասի մասնաճյուղում։ Այդ մասնաճյուղում այդքան սպասելու ժամանակ ահազանգողն որոշում է  զանգել «FastBank» և հասկանալ՝ ի՞նչ է ընդհանրապես կատարվում իրենց բանկում։

«Մասնաճյուղում այնքան մարդ կար, ամեն պատուհանի մոտ լիքը մարդ, բոլորը նյարդայնացած այսքան սպասելու պատճառով, բոլորն ուզում էին շուտ վերջացնել գործարքը և գնալ, իսկ աշխատողները միայն ասում էին՝ սպասե՛ք։ Զանգեցի, կառավարիչը տեղում չէր, քանի որ իր աշխատանքային ժամը 9:00-18:00–ն է, իսկ անվտանգության աշխատակից չկար այդ բանկում, ինչը, մեղմ ասած, նորմալ չէ։ Այդքան ժամ սպասել եմ, որ մի գործարք կատարեմ, հերթս հասնի, որ ասեն սպասեք ևս 2 ժա՞մ, ու բոլորին այդպես են ասում: Իմ գործարքը շտապ էր, ես ստիպված էի այդքան սպասել, բայց սա նորմալ իրավիճակ չէ»,– նշեց մեզ ահազանգածը։

Նա հավելեց, որ հայաստանյան բանկերում հերթերը նորություն չեն, անգամ օնլայն գրանցումները այս իրավիճակը չմեղմեցին, որովհետև օնլայն գրանցումով էլ երաշխավորված չես, որ հենց նշած ժամին քեզ կսպասարկեն: Ինչը, ըստ նրա, ուղղակի զավեշտ է՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեր բանկերը տեխնոլոգիական դեգրադացիա են ապրում, բայց տուժողը, ինչպես միշտ, շարքային քաղաքացին է:

Մարիաննա Արամյան