«Մայր Հայաստան»-ի բոյկոտն ու լռությունը

«Մայր Հայաստան»-ի բոյկոտն ու լռությունը

Եվ այսպես, Երևանի նորընտիր ավագանին անցկացրեց առաջին նիստը և ընտրեց քաղաքապետին: Որևէ անակնկալ կամ ինտրիգ տեղի չունեցավ՝ Տիգրան Ավինյանը վերջապես դարձավ քաղաքապետ:

Ընդդիմադիր խմբակցությունները՝ «Մայր Հայաստան»-ն ու «Ազգային առաջընթացը» նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են նիստը և չմասնակցեցին:

Սակայն բոյկոտը շարունակվեց նաև հետո ու մինչ այս պահը: Քաղաքական ուժերից առնվազն մեկը հրաժարվում է մեկնաբանություններից:  

MediaHub-ը նիստի ավարտից սկսած փորձում է կապ հաստատել Անդրանիկ Թևանյանի և նրա թիմակիցների հետ: Թևանյանը առհասարակ չի պատասխանում զանգերին, իսկ նրա թիմակիցները հրաժարվում են մեկնաբանել:

Այդպես, MediaHub-ի հետ զրույցում ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հայտնեց, որ դեռ պատրաստ չի պատասխանել մեր հարցերին, հատկապես այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են մասնակցել ավագանու նիստերին:

Վստահ ենք, որ «Մայր Հայաստան»-ը հանդես կգա հայտարարությամբ իր հետագա անելիքների մասին: Բայց զարմանալի է, որ մինչ այս պահը դա չի արվել, քանզի նիստի արդյունքները դժվար չէր կանխատեսելը:

Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ հինգը: Այսպիսով Ավինյանը դարձավ Երևանի 14-րդ քաղաքապետը:

Մարիաննա Արամյան