Բենզալցակայաններում 10.000 դրամից ավելի բենզին չեն վաճառում. ո՞րն է պատճառը

Բենզալցակայաններում 10.000 դրամից ավելի բենզին չեն վաճառում. ո՞րն է պատճառը

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ որոշ բենզալցակայաններում բենզինի վաճառքի սահմանափակումներ են գործում:

Մասնավորապես, մարդիկ նշում են, որ «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում 10.000 դրամից ավելի չեն կարողանում բենզին լցնել։ Ընդ որում, որևէ բացատրություն, թե ինչով է պայմանավորված այս սահմանափակումը, նրանց չի տրվել: 

Ինչի՞ հետ է պայմանավորված այդ սահմանափակումը, արդյո՞ք բենզինի պակաս կա Հայաստանում։

MediaHub-ը կապ հաստատեց «Ֆլեշ»  ընկերության հետ, որտեղից հավաստիացրեցին՝ այժմ որևէ սահամանափակումներ չկան։ 

«Սահմանափակումը տևել է 2-3 օր, այժմ բոլորը կարող են լցնել բենզին ինչքան ցանկանում են, սահմանափակումներ չկան»,- ասաց «Ֆլեշ» ընկերության աշխատողը։

Թե ինչո՞վ են պայմանավորված եղել սահմանափակումները ընկերությունին չպարզաբանեցին, ինչպես նաև հարցը՝ արդյո՞ք նորից կլինեն սահմանափակումներ մնաց անպատասխան։ 

Անհասկանալի է մնում այս սահմանափակումը, քանի որ ՀՀ և ՌԴ միջև ստորագրված համաձայնագրով՝ 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ բենզինի գինը կտրուկ թանկացավ` հասնելով 580 դրամի։ 2022-ի հունվարից 2023-ի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ պարզվել է, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ:

Մարիաննա Արամյան