ՔՊ-ի կանխատեսելի վարքագիծը․ ընդդիմության նախաձեռնությունը կտապալվի

ՔՊ-ի կանխատեսելի վարքագիծը․ ընդդիմության նախաձեռնությունը կտապալվի

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայի երրորդ հիմնական նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների պահանջով տեղի կունենա  հրատապ թեմայով քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների  և հրատապ անելիքների օրակարգով:
Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի հայտարարության տեքստ, որն արդեն ուղարկվել է իշխող խմբակցությանը՝ ծանոթանալու եւ դիրքորոշում արտահայտելու։

Ընդդիմությունն օգտվում է օրենսդրությամբ իրեն տրված գործիքակազմից։ Սակայն հիմա չենք անդրադառնա երկու խմբակցությունների ներկայացրած հայտարարության նախագծի բովանդակությանը, նման առիթ դեռ կունենանք։

Ավելի հետաքրքիր է կանխատեսել, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի խորհրդարանական մեծամասնությունը։

Հրատապ նիստի օրակարգը ՔՊ-ի սրտով չէ, մանավանդ, որ ընդդիմությունն այդ օրակարգով երեկվանից, կարծես թե, փողոցային պայքար է գեներացնում։

Հրատապ նիստը մի փոքր տարբեր է արտահերթ նիստից, հետևաբար՝ միանշանակ չէ, որ իշխանությունը կգնա այն վիժեցնելու ճանապարհով։ Հետևաբար՝ ՔՊ-ն ունի երկու հնարավոր տարբերակ։

Առաջինն այն է, որ մեծամասնության պատգամավորները չեն մասնակցում նիստին, ընդդիմադիրներն ունենում են ելույթներ, սակայն նրանց ներկայացրած հայտարարության նախագիծը չի ընդունվում՝ անհրաժեշտ ձայներ չապահովելու հետևանքով։

Իհարկե, տեսականորեն գոյություն ունի նաև երկրորդ տարբերակ։

ՔՊ պատգամավորներն ակտիվ մասնակցում են նիստին, գեներացնում են խաղաղության օրակարգը՝ ցույց տալով, որ ընդդիմության նախաձեռնությունը բերելու է էսկալացիայի խորացմանը, նույնիսկ՝ պատերազմի։ Մոտավորապես նույն սցենարն, ինչը Փաշինյանը հաջողությամբ կիրառեց ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։

Ինչ տակտիկա էլ ընտրի իշխանությունը, պարզ է, որ այս թեմայով ԱԺ հայտարարություն չի ընդունվելու։ Այս հանգամանքը կարող ենք վստահաբար պնդել արդեն այսօր։

Վահրամ Բագրատյան