Բացահայտվել են Xiaomi-ի նոր ֆլագմանի բնութագրերը

Xiaomi Mi 12 Ultra-ի հիմնական առանձնահատկությունը կլինի Snapdragon 8 Gen 1+ պրոցեսորը, որը քննադատված Snapdragon 8 Gen 1 մոդելի կատարելագործված տարբերակն է։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով ինսայդերներին։ Միաժամանակ բացահայտվել են նաեւ էկրանի ենթադրյալ բնութագրերը՝ AMOLED, 6,73 դյույմ, 2K լուծաչափ, մինչեւ 120 Հց թարմացման արագություն։
Օպտիկայի հավաքածուն, ամենայն հավանականությամբ, կներառի չորս օբյեկտիվ՝ մի զույգ 50MP լայնանկյուն եւ գերլայնանկյուն տեսախցիկներ, 16MP դիմանկարային օբյեկտիվ, ինչպես նաեւ պատկերի 48MP-ով օպտիկական խոշորացման համար հեռաօբյեկտիվ: Այսինքն՝ լուսանկարչական հնարավորությունների առումով Mi 11 Ultra-ից նորույթը կտարբերվի առաջին հերթին լրացուցիչ դիմանկարային օբյեկտիվով։
Բացի այդ, աղբյուրը հայտնում է, որ Xiaomi 12 Ultra-ն կստանա 5000 mAh ծավալի մարտկոց, մինչեւ 120 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցություն, ինչպես նաեւ ստերեոդինամիկներ եւ պաշտպանություն խոնավությունից ու փոշուց՝ ըստ IP67 ստանդարտի։ Ամենայն հավանականությամբ, նորույթը կթողարկվի Android 12-ի վրա հիմնված MIUI-ով։
Ակնկալվում է, որ Xiaomi 12 Ultra-ի մասին կազդարարվի 2022թ․ երկրորդ կեսին, եւ այն Snapdragon 8 Gen 1+ պրոցեսորով առաջին սարքը կլինի։