Ո՞ւմ է ուղղված Վոլոդինի սպառնալիքը

Ո՞ւմ է ուղղված Վոլոդինի սպառնալիքը

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - երեկ Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։

«Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը:

Ռուսաստանի Պետական Դումայի խոսնակի հայտարարությունները հակառուսականության նոր ալիք են բարձրացրել Հայաստանում, որովհետև շատերը համարում են, որ դրանք ուղղված են Հայաստանի դեմ:

Նման կարծիքն ամենևին էլ հիմնազուրկ չէ, եթե հաշվի առնենք, որ հայ- ռուսական հարաբերություններում ինստիտուցիոնալ, խորքային ճգնաժամ է: Մյուս կողմից, հենց Երևանի ջանքերով է ԵՄ քաղաքացիական առաքելությունը ժամանում տարածաշրջան, Հայաստան, ինչի առթիվ, ի դեպ, արդեն իսկ բավականին սուր հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակը մերժել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Ադրբեջանը՝ «տաքացնելով» արևմտյան միջնորդության հրատապությունը:

Սա նույնպես ակնհայտ փաստ է ու լեգիտիմ է նաև այն պնդումը, որ Վոլոդինի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև Ադրբեջանին, մանավանդ, որ հնչել է ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը:

Մեծ հաշվով, Հարավային Կովկասը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի ու Մոսկվան կոշտացնում է տարածաշրջանային իր քաղաքականությունը՝ թիրախավորելով թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը:

Վահրամ Բագրատյան