Էժան քարոզչություն, ուրիշ ոչինչ

Էժան քարոզչություն, ուրիշ ոչինչ

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի, Հակակոռուպցիոն դատարանը երեկ մերժել է նրան կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը: 

Գրիգորի Խաչատուրովին իրավապահները նախօրեին էին ձերբակալել: 2016-ից 2021 թվականներին երրորդ բանակային կորպուսի հրամանատար պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայորը մեղադրվում է փողերի լվացման համար, այլ խոսքով՝ Սեյրան Օհանյանի գործով:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս գործը վաղեմության ժամկետի խնդիր ունի՝ ինչպես ԱԺ-ում խոստովանել էր գլխավոր դատախազը: Այսինքն, եթե նույնիսկ անցյալում կատարված «հանցագործությունը» բացահայտվի, ապա դրա հետևանքն, ըստ ամենայնի, ոչ թե արդարության և օրինականության վերականգնումն է լինելու, այլ «նախկինների» դեմ իշխանության քարոզչությունը կամ ավելի ճիշտ՝ անզուսպ հակաքարոզչությունը:

Ի դեպ, իշխանությունն ամենևին էլ անհանգստացած չէ այն փաստից, որ գեներալ Խաչատուրովը երեկ ազատ արձակվեց: Նիկոլ Փաշինյանի թիմն այս պատմության մեջ արդեն ունի իր «ձեռքբերումը»: 

Մի քանի օր իշխանության պրոպագանդան դարձյալ ակտիվացրեց զրույցները՝ նախկին «հանցագործ» համակարգի, թալանի, կոռումպացված բանակի մասին: Սա էր իշխանության ուզածը:

Ի դեպ, Փաշինյանի իշխանությունը ոչ մի ռացիոնալ դեմք, ասելիք, նույնիսկ քաղաքական լեգիտիմություն չունի: Նրա լեգիտիմությունը հիմնվում է գործող ընդդիմության հակալեգիտիմության վրա: Այս գործոնն էլ հմտորեն խաղարկում է իշխանությունը:
Էժան քարոզչություն, ուրիշ ոչինչ: 

Վահրամ Բագրատյան