Ո՞վ չգիտի, որ գերիների անգամ շնչելն է վերահսկվում․ Սումգայիթի և Խոջալուի դեպքերն իրար շաղկապելը սխալ էր

Ո՞վ չգիտի, որ գերիների անգամ շնչելն է վերահսկվում․ Սումգայիթի և Խոջալուի դեպքերն իրար շաղկապելը սխալ էր

«Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները՝ անազատության մեջ գտնվելով ավելի ազատ են, քան ՀՀ կառավարությունը, որ ունի լծակներ գերիների վերադարձի մասով, սակայն գործելու փոխարեն նախընտրում է լռել, կամ սահմանափակվել ոչինչ չասող հայտարարություններով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի հասարակական գործիչ Ռուզաննա Խաչատրյանը։

Նա վստահ է, որ Վարդանյանն ու մյուս գերեվարվածները մտահոգ են Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի համար։ Բայց ուղերձում մի քանի դրվագներ կա՛մ գրվել են ստիպողաբար, կա՛մ, մեր զրուցակցի կարծիքով, միամտաբար։ 

«Այնպես չէ, որ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Ղուկասյանի, Հարությունյանի կամ մյուսների սիրտն Արցախի համար քիչ է ցավում, քան Ռուբեն Վարդանյանինը։ Ինձ համար զարմանալի էր նախ այդ հաղորդագրության թողտվությունը, և ինչո՞ւ հենց Վարդանյանին։ Այսօրվա իր ուղերձում «Խոջալուի» դեպքերին անդրադառնալը խիստ վրդովվեցնող էր։ Թուրքիան արդեն 110 տարի է չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ Վարդանյանը Բաքվից ճանաչում է «Խոջալուի» կոտորածը, որն իրականում էլի թուրքի արարքն է։ Սումգայիթից հետո քանի՜-քանի՜ կոտորած տեսանք, ոչ մի անդրադարձ դրան։ Այսինքն, Սումգայիթի և Խոջալուի դեպքերն իրար շաղկապելը ոչ միայն սխալ էր, այլ ևս մեկ անգամ համոզվեցի, որ ադրբեջանցիներն են ստիպել նման համեմատություն անել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ Վարդանյանի այս ուղերձի հիմնական թեզերը մարդասիրությունն է, միջէթնիկ առողջ հարաբերությունները, հարևանների հետ կայուն ու երկարատև խաղաղությունը։  

Մեջբերենք ելույթի այդ հատվածը․ 

«Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում»,- մեջբերման ավարտ։

«Վարդանյանի ելույթում հերոսական ոչինչ չկա, ո՞վ չգիտի որ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների անգամ շնչելն է վերահսկվում, ուր մնաց թե ազատ հայտարարությունը, հատկապես այդ բովանդակությամբ»,- ընդգծում է նա։ 

Հունան Թադևոսյան