Վանաձորը մնացել է իշխանության «կոկորդում»

Վանաձորը մնացել է իշխանության «կոկորդում»
Վանաձորը մնացել է իշխանության «կոկորդում»

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամների նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը այսօր չի կայացել։ Նիստին, որը նախատեսված էր ժամը 11։00-ին, ներկայացել են «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության անդամները՝ թվով 16 ավագանի, մյուս երեք ուժերից՝ «Քաղպայմանագիր», «Ապրելու երկիր» և ՀԱՍԿ, ոչ ոք չի ներկայացել։

Նիստը չի կայացել երկու պատճառով։
Նախ, քվորում չի եղել, ինչն արդեն նիստի չկայացման ֆորմալ պատճառ է։ Մյուս կողմից, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը, խախտելով օրենքը, հրաժարվել է արտահերթ նիստի կազմակերպումից՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ դեռևս չի կայացել ավագանու այն նիստը, որը պետք է համայնքի ղեկավար ընտրեր, այլ խոսքով՝ համայնքային իշխանություն ձևավորեր։Այդ նիստը, հիշեցնենք, չի կայանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած դատական արհեստական գործընթացի հետևանքով։ Իրական պատճառն, իհարկե, այն է, որ իշխանությունն ամեն գնով փորձում է վիժեցնել Վանաձորում ընդդիմության հաղթանակը․ միայն Մամիկոն Ասլանյանի քաղաքականապես մոտիվացված կալանավորումն այս խնդիրը չլուծեց։

Սակայն Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ապօրինությունը փոքր մասշտաբի է, ավելի մեծ ապօրինություն նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Չի բացառվում, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վարչապետը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակի՝ հաշվի առնելով, որ ավելի քան երեք ամիս չի լուծվում ընտրությունների միջոցով համայնքապետ ընտրելու հարցը։ Ուշագրավ է, որ Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանն, «Ազատության» հետ զրույցում, այս լուրն, ըստ էության, չի հերքել։
Սակայն իշխանության ցանկությունը միանշանակ ապօրինի է ու հակասում է գործող օրենսդրությանը․ համայնքապետի պաշտոնակատար նշանակվել չի կարող, երբ ավագանին ձևավորված է, իսկ մանդատներն արդեն բաշխվել են։ Վանաձորի ճգնաժամը հարուցել է իշխանությունը․ այս քաղաքն՝ իր ընդդիմադիր տրամադրություններով մնացել է իշխանության «կոկորդում»։

Վահրամ Բագրատյան