Ինչ հարցեր են քննարկվելու Արցախի ԱԺ նիստին

Երկու ամիս շարունակ, Արցախի խորհրդարանի պատգամավորները Երևանում փակ հանդիպումներ են անում և քննարկում հետագա անելիքները։ Բռնի տեղահանումից հետո թեպետ ԱԺ նիստ չի հրավիրվել, բայց պատգամավորները մշտապես կապի մեջ են բնակչության հետ, իրենց լիազորությունների շրջանակում օգնում են՝ խորհրդատվությունից մինչև գործուն աջակցություն։
Ըստ մամուլի՝ Արցախի խորհրդարանը մտադիր է նիստ հրավիրել փակ ձևաչափով, որից հետո հանդես գալ հայտարարությամբ։
MediaHub-ի աղբյուրի խոսքով` գլխավորը, որ այս պահին միանշանակ միավորում է արցախցի պատգամավորներին, այն է, որ համաձայն չեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության հետ, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։
«Մենք նախագահի մակարդակով ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք միջամտելու ՀՀ ներքին օրակարգին: Առավել ևս իշխանափոխության հարց չենք բարձրացնելու, ցույցեր ու հանրահավաքներ չենք իրականացնելու։ Մի խոսքով, չենք խանգարելու գործող իշխանությանը, ավելորդ բեռ չենք հանդիսանալու։ Կարծես, սկզբից հասկացել են մեզ: Արդեն 2 ամիս է, մենք զբաղված ենք միայն մեր ներքին հարցերով, սոցիալական խնդիրներով, ուստի տրամաբանական չէ մտածել, թե մենք սպառնալիք ենք»,- ասաց նա։
MediaHub-ի այն հարցին, թե պատրա՞ստ են նիստի ընթացքում անդրադառնալ արցախցիների սոցիալական խնդիրներին, մասնավորապես, գույքային կրած վնասներին և այս հարցը, ի վերջո, տեղափոխել միջազգային ատյաններ, մեր զրուցակիցն ասաց. «Շատ հարցեր ենք բարձրացնելու, որոնք վերաբերում են Արցախին ու արցախցիներին հուզող հարցերին։ Այս հարցով մտադիր ենք ձևավորել միջազգային հանձնախումբ։ Ավելին այս պահին ասել չեմ կարող»։
Հունան Թադևոսյան